Նախօրեին ԼՂՀ սահմանին նկատվել է ադրբեջանական զինուժի կուտակում եւ զորքերի ակտիվ տեղաշարժ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ ապրիլյան սրացումից ի վեր` նման ծավալի կուտակում չէր եղել: Ասել է, թե Ադրբեջանը չի հանդարտվում եւ, կարծես թե, պատրաստվում է նոր արկածախնդրության:
«Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:
-Պարո՛ն Ռուստամյան, ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ Ղարաբաղի շուրջ հրատապ քննարկումները ՀՅԴ գործընկեր ՀՀԿ-ն իրականացնում է բացառապես կուսակցության ներսում` դրանց չհրավիրելով անգամ Դաշնակցության ներկայացուցիչներին: Ի վերջո, կարծեք թե Դուք այժմ գործընկերներ եք:
-Մենք պարբերաբար հանդիպումներ ունենում ենք, բայց դրա մասին կարիք չենք զգում անպայման հրապարակել: Այնպես որ, իրավիճակին տեղյակ ենք, ծանոթ ենք: Բոլորովին վերջերս մեր գերագույն ժողովը ավարտվեց, եւ առանձին, հատուկ օրակարգ նվիրված էր հենց այս լարվածությանը: Դրա հետ կապված հստակ բանաձեւումներ են կատարվել, Դաշնակցության անելիքներն են ճշտվել, եւ մեր մոտեցումներն են բյուրեղացվել: Բայց մենք, բնականաբար, կգումարենք մեր համադրող, համագործակցության նիստը: Գիտեք, որ համագործակցությունն ենթադրում է նաեւ ունենալ համադրող մարմին, որը պետք է պարբերաբար խորհրդակցություններ իրականացնի: Այդ նիստը դեռ չի կայացել. կկայանա մոտ ժամանակներս, եւ կողմերի տեսակետները համադրելու խնդիրը ավելի պաշտոնական կառաջանա այդ նիստի ժամանակ:
-Պարո՛ն Ռուստամյան, նախօրեին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը կուտակվում է սահմանին, Ձեր կարծիքով՝ արդյոք դա չի խոսում հակառակորդի կողմից նոր հարձակման մտադրության մասին, եւ այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն մեր քայլերը:
-Ըստ էության, հրադադարի մասին խոսելը անիմաստ է, որովհետեւ չկա հրադադար: Պարզապես օր օրի ինտենսիվության, ակտիվության աստիճաններն են տարբերվում` մի օր ավելի ակտիվ, մի օր ավելի պասիվ: Մենք գտնվում ենք անընդհատ պատերազմական վիճակում, եւ դրան համապատասխան պետք է ամեն ինչ նորովի վերադասավորվի առաջին հերթին մեր մեջ, եւ այդ ուղղությամբ են մեր բոլոր ծրագրերը: Մենք համարում ենք, որ երկիրը պետք է առաջնորդվի մեկ պարզ բանաձեւով. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Դա նշանակում է պատրաստ լինել ամեն առումով, պատրաստ լինել մեր ներսում` տնտեսությունը, բոլոր հարցերը համապատասխանեցնելու, ճակատը ամուր պահելու, պաշտպանության խնդիրները ամրապնդելու, մեր մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ. պետք է զարկ տանք ռազմաարդյունաբերության համալիրի ձեւավորմանը եւ ամրապնդմանը: Պետք է հասկանանք, որ մենք ունենք մի հարեւան, որը բացարձակապես բանակցելի չէ, իր ներկայացրած պահանջները որեւէ կերպ չեն տեղավորվում միջազգային նորմերի եւ իր իսկ ստանձնած պարտավորությունների շրջանակի մեջ: Ուրեմն մենք պետք է ամեն ինչի սպասենք այդպիսի հարեւանից:
-Պարո՛ն Ռուստամյան, իսկ ինչո՞վ եք պայմանավորում ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի կողմից ՊՆ երեք գեներալների պաշտոնանկությունները:
-Ուղղությունները, որ մատնանշվում են այդ պաշտոնանկությունների մեջ, ճիշտ են ընտրված: Դրանք հենց այն հարցերն են, որոնք մեր մարտունակությանը ուղղակի առնչվում են. մատակարարումը, կապը, հետախուզությունը: Սրանք նաեւ այն թերություններն ու բացթողումներն էին, որոնք այս պատերազմական փուլում հստակ երեւացին, եւ մենք պետք է շատ արագ ռեժիմով, հրատապ միջոցներ կիրառելով՝ այդ բոլոր խնդիրները շտկենք: Շատ կարեւոր է, որ մարդիկ ոչ միայն պաշտոնանկ արվեն, այլեւ օրենքի ողջ խստությամբ պատասխան տան իրենց արածների համար: Մեզ համար կարեւոր է, թե ովքեր են փոխարինելու այդ մարդկանց, որ վստահ լինենք` իրենք շատ լավ պատկերացնում են՝ ինչ բացթողումներ են եղել, ինչպես են պատրաստվում դրանք շտկել, եւ դա պետք է կատարվի շատ սեղմ ժամկետներում: Ես վստահ եմ, որ հարցերը ճիշտ են նախանշված, մնում է, որ այդ ուղղությամբ համապատասխան կադրեր լինեն, որ այդ ամենն իրականացնեն:
-Պարո՛ն Ռուստամյան, նախօրեին հրապարակվեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամների ցուցակը, որը էականորեն չէր փոփոխվել: Ինչո՞ւ են միշտ նույն մարդիկ ընտրվում:
-Այդպես չէ, միշտ մի կորիզ պահպանվում է, եւ նախկինի հետ համեմատությամբ միայն 11-ից 6-ն են նույնը: Ավելացել են եւս 7 հոգի, եւ արդեն թիվը դարձել է 13: Գերագույն մարմնի այս կազմը համապատասխանում է առաջիկայում սպասվող մարտահրավերներին: Արդեն շատ քիչ ժամանակ է մնացել 2017 թվականի ընտրություններին, եւ պետք է մոբիլիզացվի, զորաշարժի ենթարկվի ամբողջ կառույցի ներուժը: Սա նշանակում է քաղաքական, քարոզչական եւ կազմակերպչական լուրջ աշխատանքների իրականացում, դրա համար է ընտրվել այս կազմը: Մեր ժողովում ազատ ընտրություն է տեղի ունենում: Կարծում եմ, որ ժողովը գնահատել է իրավիճակը եւ համապատասխան գերագույն մարմին է ընտրել:
ԱՅՍ ԵՐԳԸ ՆՈՐ ՉԷ, ԱՅՍ ԵՐԳԻՆ 10 ՏԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի վերջին սկանդալային հայտարարությունը` ազատագրված 5 շրջանների վերադարձի մասին, ադրբեջանական մամուլում ակտիվորեն քննարկվեց, ավելին՝ հայտնի դարձավ, որ այդ երկրի պատվիրակները պատրաստվում են ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում զեկույցով հանդես գալ` ցույց տալով, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը խոստովանում է, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները:
Երեկ լրագրողների հետ զրույցում արձագանքելով նման զարգացմանը` Հերմինե Նաղդալյանն ասաց.
«Դրա վերաբերյալ ուղիղ 7 օր ադրբեջանական մամուլում որեւէ շահարկում, անդրադարձ չի եղել: Այս թեման ավելի շատ հետաքրքրում էր հայկական մամուլին, քան ադրբեջանականին: Բայց, ի վերջո, ադրբեջանական մամուլն էլ արձագանքեց դրան, եւ արձագանքը այնպիսին էր, որ տեսեք՝ հայերը անմիաբան են, տեսեք՝ ժողովրդի եւ իշխանության միջեւ անջրպետ կա:
Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ ԵԽԽՎ նստաշրջանում դա կօգտագործեն, կկիրառեն, ապա ասեմ, որ ես 13 տարի ԵԽԽՎ-ում աշխատելու փորձ ունեմ, եւ մեր ԵԽԽՎ պատվիրակների մեջ` ներկա եւ նախկին, կան մարդիկ, որոնք լավ գիտեն, որ ինչ կարգի թեմա քննարկվի, Ադրբեջանի պատվիրակները, հայտնի ոջիլի անեկդոտի նման, բոլոր թեմաները սկսում են նրանից, որ Հայաստանը օկուպացրել է իրենց 20 տոկոս տարածքը, եւ Ադրբեջանն ունի մեկ միլիոն փախստական: Այնպես որ, այս երգը նոր չէ, այս երգին մենք 10 տարի եւ ավել պատասխան ենք տալիս»:
Խոսելով նման զարգացումը կանխելու քայլերի մասին` Նաղդալյանը նշեց. «ԵԽԽՎ-ում ամեն օր ուզում են զեկույց պատրաստել եւ յուրաքանչյուր թեմա աշխատում են դրան ծառայեցնել: Օրինակ՝ Ուոլթերի զեկույցին նախորդած 5 զեկույց է եղել նույն մարդկանց կողմից: Այդ 5 նախաձեռնություններից 4-ը մենք կարողացել ենք կասեցնել, չթողնել, որ դառնան զեկույց: Սա աշխատանք է, մենք մինչ օրս արել ենք եւ կշարունակենք:
Իսկ ինչ պետք է անենք: Պետք է այնպես անենք, ինչպես արել ենք հունվարյան նստաշրջանում, ինչպես արել ենք ապրիլյան նստաշրջանում, ինչպես արել ենք անցյալ տարվա հունիսյան նստաշրջանում, այսինքն՝ բոլոր մեր հնարավորությունները օգտագործել, շատ աշխատել եվրոպացիների հետ, տեղեկատվական, բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի չթողնենք, որ շահադիտական եւ այլ նկրտումներն առաջ ընկնեն այն իրական պատկերից, որը որ մենք կարող ենք ներկայացնել»:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՀԱՐԿԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ
Այս տարվա ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 97 մլրդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից: Անցած տարվա ապրիլի համեմատությամբ հարկային մուտքերն աճել են 6.1 միլիարդ դրամով: Այս ցուցանիշը ուշագրավ է, քանի որ իր մեջ նաեւ քաղաքական ենթատեքստ է պարունակում: Բանն այն է, որ մարտի եւ ապրիլի հարկահավաքության ցուցանիշով բնորոշվում է ՊԵԿ-ի ներկա եւ նախորդ ղեկավարության տարբերությունը: Այլ կերպ ասած՝ ՊԵԿ-ի ներկայիս նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսպիսով ցույց է տալիս, որ իրեն նշանակելով՝ չի սխալվել Սերժ Սարգսյանը: Ի դեպ, նշենք, որ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսների արդյունքով հավաքագրված հարկային եկամուտները ընդհանուր կազմել են շուրջ 251.1 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է պետական բյուջեի պլանային ցուցանիշին, եւ, որ ամենակարեւորն է, անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 21.3 մլրդ դրամով:
ԿՆՈՋ ՊԱՀԱԾՈՎ
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, որը պատգամավոր է դարձել Լոռու մարզի թիվ 31 ընտրատարածքից՝ մեծամասնական ընտրակարգով, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ ապրում է միայն իր պատգամավորական աշխատավարձով, որն ամսական կազմում է մոտ 560 հազար դրամ: Բայց, ինչպես ընդունված է իշխանության ներկայացուցիչների մոտ, փոխարենը պատգամավորի կինը՝ Նվարդ Ավետիսյանը, ամուսնուց ակնհայտ հարուստ է: Նրա դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 47 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 4 ձեռնարկությունից ստացած շահաբաժինները, որոնք ընդհանուր կազմել են 71 մլն 180 հազար դրամ: Այսպես որ շարունակվի, Հայաստանում տղամարդկանց իրավունքները պաշտպանելու նպատակով հատուկ օրենքներ ընդունելու անհրաժեշտություն կառաջանա: Ի վերջո, այսպես չի կարող շարունակվել, Հայասանի պաշտոնյաները, որոնք իրենց չխնայելով օր ու գիշեր աշխատում են հանուն ժողովրդի, մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ են ստանում, իսկ նրանց տնային տնտեսուհի կանայք մեկը մյուսից հաջողակ գործարարներ են, որոնք տասնյակ հարյուրավոր միլիոն դրամների եկամուտներ են ստանում: Սա արդար չէ:
ԾՆՆԴԿԱՆԻ ԳՈՐԾԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
Ինչպես հայտնի է՝ ապրիլի 25-ին պարզվեց, որ 2015 թվականի հուլիսին ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա դստեր մահվան փաստով հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործն առաջիկայում կուղարկվի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներն են «Շենգավիթ» ԲԿ-ի աշխատակիցներ Շուշանիկ Բախշյանը եւ Անի Բաբելյանը: Սակայն երեկվա դրությամբ քրգործը դեռեւս չէր ուղարկվել դատարան: