ՄԻ ԱՆԳԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՄԱԶԱՉԱՓ ՕԳՈՒՏ ՏՎԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը պաշտոնապես չի հայտարարում, բայց ակնհայտ է, որ ինչպես քառօրյա պատերազմի օրերին, այնպես էլ այսօր հայկական բանակը` կամավորականների տեսքով, համալրման կարիք ունի: Կարծում ենք՝ ժամանակն է՝ Հայաստանի հանրությունը պահանջի, որ ՀՀԿ-ական ձրիակերները դադարեն պետբյուջեի միջոցները մսխել եւ մեկնեն սահման:

Ակնհայտ է, որ ապրիլի 5-ին Ռուսաստանի ոտքերը ընկնելով՝ հրադադար մուրալու Ադրբեջանի քայլի հիմնական պատճառներից մեկը այն փաստն էր, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման մասին առաջին իսկ լուրերից հետո ողջ Հայաստանը շտապեց Արցախ: Ապրիլի 2-ի առավոտից սկսած Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից ավտոմեքենաների շարասյուններ էին ժամանում Ստեփանակերտ: Այս փաստը չէր կարող թշնամուն չմտահոգել, որովհետեւ նրանց համար հաստատ անակնկալ է եղել նման իրողությունը, երբ առանց կանչի հազարավոր հայորդիներ շտապել են կանգնել հայկական բանակի զինվորի կողքին:
Ապրիլյան ոգեւորությունը գնալով նվազում է, իսկ Հայաստանի մի հատվածի` Արցախի գլխին կախված վտանգը ոչ միայն չի վերացել, դեռ մի բան էլ նույնիսկ ահագնացել է: Թշնամու ախորժակը զսպելու միջոցներից մեկն այն է, որ այս փուլում կամավորականները պետք է մշտապես լինեն զինվորի կողքին: Այս խնդրի լուծման իրավական ճիշտ տարբերակը կլինի այն, որ ՀՀ կառավարությունը պետբյուջեից պաշտպանության նախարարությանը լրացուցիչ միջոցներ հատկացնի, եւ ՀՀ զինված ուժերը համալրվեն պայմանագրային զինծառայողների որոշակի խմբաքանակով:
Սակայն կա եւս մեկ տարբերակ, որը կարող է կիրառվել միայն հանրային ճնշման ներքո: Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն, հենց նույն հանրապետականների հավաստիացումներով, ունի 150 հազար անդամ: Նրանցից մոտ վեց հազարը տարբեր տրամաչափի պաշտոնյաներ են: Իսկ մնացածը պետական եւ համայնքային մարմինների աշխատակիցներ: Այլ կերպ ասած՝ դա հենց այն զանգվածն է, որ մսխում է ողջ պետության, այդ թվում նաեւ սահմանին կանգնած զինվորների ստեղծած բարիքները: Ուստի ավելի արդարացի կլինի, եթե ՀՀԿ-ականները ինչ-որ սկզբունքով կամավորական ջոկատներ ձեւավորեն եւ մեկնեն սահման ու յուրաքանչյուրը գոնե մեկ ամիս մնա այնտեղ: ՀՀԿ-ական կամավորականների մեկամսյա բացակայության դեպքում նրանց ընտանիքները հաստատ սոցիալական խնդիրներ չեն ունենա, որովհետեւ այդ մարդկանց մեծամասնությունն իր ամենօրյա գործունեության ընթացքում զբաղված է պետական միջոցները գրպանելով: ՀՀԿ-ականները նման քայլի գնալու դեպքում իրենց կյանքում գոնե մեկ անգամ Հայաստանի Հանրապետությանը օգուտ տված կլինեն: Ավելին՝ բացառված չէ, որ մեկ ամիս զինվորի կողքին մնալուց եւ իրենց տները վերադառնալուց հետո նրանց մի մասը գուցե հասկանա, որ այլեւս չի կարելի մկան պես հատիկ-հատիկ պետբյուջեն թալանել: Այլ կերպ ասած՝ հնարավոր չէ, որ հայրենիքի պաշտպանի կողքին անցկացրած ժամանակն այդ մարդկանց չփոխի:
Ավելին՝ կարող ենք նաեւ նշել, թե ով կարող է կազմակերպել ՀՀԿ-ական կամավորականների ջոկատները: Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը երկու ամսից ավել է՝ գործազուրկ է: Կարծում ենք, որ լավ կլինի՝ հենց նա այս գործընթացը կազմակերպի եւ ինքն էլ մեկնի սահման ու իբրեւ շարքային կամավորական՝ կանգնի զինվորի կողքին, նրա հետ հավասար սնվի եւ անքուն գիշերներ անցկացնի: Առավել եւս նա ժամանակին հայոց բանակում չի ծառայել: Նրա օրինակին կարող է հետեւել ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Համոզված կարող ենք ասել, որ եթե նման քայլ կատարեն, ապա նրա սահմանում անցկացրած այդ մեկ ամիսն ավելի օգտակար կլինի Հայաստանի համար, քան նախարարի պաշտոնում անցկացրած յոթ տարիները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ Է ԵՂԵԼ
Նախօրեին լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մայիսի 3-ի երեկոյան հրավիրվել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Երեկ «Ժողովուրդ»-ն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված եղել իր այցելությունը ՀՀԿ գրասենյակ: «Ճիշտն ասած, ես ամեն օր գնում եմ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որովհետեւ ակտիվ կուսակցական գործառույթներ ունեմ, բայց երեկ ինձ կենտրոնական գրասենյակ չեն հրավիրել: Շավարշ Քոչարյանին, չգիտեմ, հրավիրել են, թե չէ: Ծանոթ եմ այդ նյութին եւ նյութի հեղինակին ուզում եմ ասել` նյութերդ տպելուց առաջ մի հատ ստուգի 002 ՕՕ 01 պետհամարանիշի ավտոմեքենան Էդուարդ Շարմազանովին է սպասարկում, իմ ծառայողական ավտոմեքենան 003 ՕՕ 01-ն է, ուշադիր եղե՛ք»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

 

 

ԲԻԶՆԵՍ  ԿԱՐԳՈՎ
Այս տարվա սկզբին հայտարարվեց, որ կառավարությունը պաշտոնական գործուղումների համար ավիատոմսեր ձեռք բերելիս պետք է միջոցները խնայողաբար օգտագործի: Սակայն իրականությունը շարունակում է նույնը մնալ: Այսպես՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը փետրվարի 9-ին ստորագրված պայմանագրով «Ռետրո Ֆիլինգս» ընկերությունից գնել է 3 ավիատոմս Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի համար: Ավիատոմսերից երկուսը եղել են էկոնոմ կարգի, մեկը` բիզնես: Ընդհանուր պետբյուջեից ծախսվել է 971 հազար դրամ: Առաձին տոմսերի գները նշված չեն, սակայն նշենք, որ բիզնես կարգը սովորաբար էկոնոմից առնվազն կրկնակի թանկ է լինում: Այսինքն՝ վստահաբար կարող ենք ասել, որ ծախսված գումարի կեսից ավելին միայն բիզնես կարգի տոմսի համար է վճարվել:

 

 

ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արցախին որպես օգնություն փոխանեցել է 590 հազար դրամ: Մինչդեռ նրա դրամական միջոցները, ըստ իր հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 9 մլն 885 հազար դրամ: Անցած տարվա սկզբին նրա փոխառության գումարը կազմել է 26 հազար 881 դոլար, 21 հազար 827 եվրո, 29 մլն 75 հազար դրամ, որից 23 մլն 412 հազար դրամը վերադարձվել է: 2015 թվականի արդեն վերջին նախարարի փոխառության գումարները կազմել են 71 հազար 910 դոլար, 21 հազար 827 եվրո եւ 5 մլն 882 հազար դրամ: Իբրեւ եկամուտ նախարարը հայտարարագրել է նախարարական աշխատավարձը եւ փոխառութուններից ստացված տոկոսավճարները՝ ավելի քան 3 մլն դրամ:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Նա պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները. «Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակների իրականացմանը: Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել: Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին»,- ասել է Ս. Սարգսյանը:

 

 

ՆՈՐ  ՀԱՆԴԻՊՈՒՄ
Առաջիկայում ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, այդ մասին երեկ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ծրագրում ենք, որովհետեւ գործը այդպիսի առանձնահատուկ ուշադրություն է պահանջում: Համաձայնեցնում ենք կողմերի հետ, շուտով, հավանաբար, կլինի առաջիկա հանդիպումը: Այդ աշխատանքը պահանջում է այդպիսի խմբակային ձեւաչափ», – ասել է Լավրովը:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է
Տպագրվել է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղարաբաղի խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ զեկույցը ներկայացվել է միջազգային կազմակերպություններին, եւ արդեն իսկ կա միջազգային արձագանք:

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: «ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը եւ համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», – ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: Իսկ, ահա, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը. հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

 

 

ՉԵԽԻԱՅՈՒՄ
Մայիսի 4-ին աշխատանքային այցով Պրահա մեկնած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկին: Հայաստանի արտգործնախարարը իր չեխ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների հետեւանքները՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել 1994-1995թթ. զինադադարի հաստատման եւ ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Լյուբոմիր Զաորալեկը շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում։




Լրահոս