ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈ՞ՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում լարված վիճակ է: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ այս օրերին դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը “լուրջ բարեփոխումներ” է իրականացնում՝ իր ուսուցիչներից մեկի աշխատանքային ժամերը կրճատելով, ինչպես նաեւ նրան դասղեկական դասարանից զրկելով: Այս ամենի պատճառը ս. թ. ապրիլին դպրոցում տեղի ունեցած միջադեպն էր, երբ աշակերտուհիներից մեկի մայրը դպրոցի տնօրենի եւ աշխատակիցների կողմից ծեծի էր ենթարկվել:
Հիշեցնենք, որ Գայանե Սարուխանյանը ոչ պատշաճ հագնվելու համար աշակերտուհիներից մեկին՝ Լիդիային, դպրոցի մուտքից ուղարկել էր տուն: Վերջինիս մայրը՝ Նատալյան, եկել էր դպրոց եւ տնօրենից բացատրություն պահանջել՝ պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել: Եվ տեսնելով, որ Սարուխանյանը մանկավարժին անհարիր բառապաշարով է խոսում իր հետ՝ ասելով, թե “ձեռ չի տալիս պայմանները, ռադդ քաշի՛”, Նատալյան ձայնագրել էր իր եւ տնօրենի խոսակցությունը: Ու երբ տնօրենին ասել էր այդ մասին, վերջինս օգնության էր կանչել ուսմասվար Էլզային ու պահակ Գարիկին, որոնք բռնության էին ենթարկել Նատալյային: Այն ժամանակ տնօրեն Սարուխանյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում հերքել էր ծնողին ծեծի ենթարկելու փաստը:
Աշակերտուհու ծեծված մայրը, տեսնելով, որ դպրոցի տնօրենը չի պատժվել իր արարքի համար, հունիսի 7-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջել է Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանից  իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրել եւ փոխհատուցել 1 մլն դրամ: Այս գործով դատավոր է նշանակվել Ռուբեն Ներսիսյանը:
Սակայն գործը սրանով չի ավարտվել: Պարզվում  է՝  դպրոցի տնօրենն էլ իր հերթին է հուլիսի 25-ին դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով աշակերտուհու մորից` Նատալյայից, իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել եւ հրապարակավ ներողություն խնդրել: Ինչ հանգուցալուծում կունենա տնօրենի եւ ծնողի այս վեճը՝ դժվար է կանխատեսել, սակայն դպրոցում այս օրերին բավական ուշագրավ դեպք է արձանագրվել: 
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Գայանե Սարուխանյանը Լիդիայի արդեն նախկին դասղեկ Լիլիանա Շհատվորյանին զրկել է իր դասղեկական դասարանից եւ աշխատանքային ժամերն էլ կրճատել: Դպրոցի տնօրենի այս քայլի պատճառն այն է, որ եթե ուսուցչուհին դատարանում չվարկաբեկի Լիդիայի մայրիկին եւ չխոսի հօգուտ դպրոցի տնօրենի, ապա իր նախկին աշխատանքին եւ պաշտոնին չի վերադառնա: Նշենք, որ ըստ մեր աղբյուրների՝ Չեխովի անվան դպրոցում գիտությունների 3 թեկնածու կա, որոնցից մեկն էլ Լիլիանա Շհատվորյանն է: Դպրոցի տնօրենի սպառնալիքներից ահաբեկված ուսուցչուհին իր աշխատանքը չկորցնելու համար համաձայնել է ենթարկվել տնօրենի պահանջին: Մեզ հետ զրույցում Լիլիանա Շհատվորյանը հաստատեց այն տեղեկությունը, որ իր աշխատանքային ժամերը կրճատվել են, եւ ինքն այլեւս դասղեկական դասարան չունի: “Բայց այս ամենն իմ խնդրանքով է եղել: Ընտանեկան հարցերի հետ  է կապված: Թոռնիկ եմ ունեցել եւ խնդրանքով դիմել եմ տնօրենին ու ասել, թե շատ աշխատանք ունեմ անելու եւ չեմ կարող այդ ամենի հետ մեկտեղ հասցնել նաեւ դպրոցի աշխատանքը: Ընդամենը դա: Այս ամենը Լիդիայի դեպքի հետ բացարձակ կապ չունի”,-վստահեցրեց Լիլիանա Էդուարդովնան՝ հավելելով, որ իրեն դեռ դատարան չեն հրավիրել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 607 համար




Լրահոս