Մի կարծեք, որ այդ 200 միլիոնի զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ տեղավորվելու ու մի օրում հասնելու է Հայաստան. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սահմանները թե՛ Տավուշից, թե՛ Ադրբեջանից նույնքան աստիճանի վտանգված են, ինչպիսին եղել է ԼՂՀ հատվածում, բայց, իհարկե, ցանկացած կրակոց է մտահոգիչ՝ լինի Տավուշում, թե ԼՂՀ-ում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Արմենչիկի պահվածքին` Հովհաննիսյանը, նշեց. «Ուսումնասիրել են, դեպքը ԼՂՀ-ում է տեղի ունեցել: Այդտեղ քրեական որեւէ հանցավոր բան չկա, մի քիչ անփութություն է տեղի ունեցել, որի համար հրամանատարությունը զգուշացում է ստացել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ այն հրամանատարը, որը Սամվել Ալեքսանյանից մեքենա էր ստացել, աշխատանքից ազատվել է: Նա պատասխանեց. «Հնարավոր է, ես էդպես ամեն մի ազատումն ու նշանակումը չեմ կարող մեկնաբանել եւ ճիշտ էլ չեմ գտնում մեկնաբանելը: ՀՀ ԶՈՒ-ում կան բազմաթիվ զորամասեր, հրամանատարներ, այդ մակարդակի նշանակումներն ու հեռացումները սխալ է մեկնաբանել: Պատգամավորը կարող է տվյալ հատվածի զորամաս է գնացել, իր սրտի ուզածը եղել է ինչ-որ մի բանով օգնել, փորձել է օգնել: Հիմա հրամանատարը էդ պահին Պողոսը կլիներ, թե Պետրոսը, նա նվիրելու էր էդ հրամանատարին: Այդ հրամանատարը կարող է վաղը պաշտոնի բարձրացում ստանա, կամ հեռացվի: Ընդհանրապես լավ կամ վատ աշխատանքի համար չի, մեր հրամանատարները 1-2 տարի ծառայում են մի զորամասում, հետո տեղափոխվում են այլ զորամաս՝ ծառայության պայմանները փոխելու եւ ընտելանալու համար»:

Հարցին, թե՝ այս պահին ունե՞ք ինֆորմացիա՝ ե՞րբ կհասնի Հայաստան այդ 200 միլիոն վարկի զենքը, Ա. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Զենքի ձեռքբերման գործընթացը մշտական է, գրեթե տարի չի եղել, որ մի քանի տարբեր ձևի, բնույթի զենք-զինամթերք, ռազմական նշանակության կառավարման և այլ համակարգեր չներկրենք, դա մշտական գործընթաց է: Ես չեմ կարող ասել առանձին՝ 200 միլիոնից ի՞նչ է բերվել, ի՞նչ է բերվելու. մի կարծեք, որ այդ 200 միլիոնի զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ տեղավորվելու ու մի օրում հասնելու է Հայաստան»:

Մանրամասները՝  տեսանյութում՝




Լրահոս