Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ նախագահին «խորհուրդ» է տվել ծանոթանալ ՄԱԿ-ի կանոնադրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, թե ԼՂ հակամարտությունը, ինչպես նաեւ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

«Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, համաձայն որի` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,-ասել է Քոչարյանը:

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը Պեդրո Ագրամունտը ասել էր. «ԵԽԽՎ-ի ու անձամբ իմ դիրքորոշումն այն է, որ ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ առհասարակ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Նա նշել է, թե նման դիրքորոշման համար ինքը ենթարկվել է հայկական կողմի եւ նույնիսկ մի շարք եվրախորհրդարանականների կոշտ քննադատության:

«Նրանք իմ հասցեին բավական կոպիտ հայտարարոթյուններ են արել, սակայն դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Ես վստահ եմ, որ իմ դիրքորոշումն արդարացի է: Ինձ համար հիմնական խնդիրը հակամարտության շուտափույթ կարգավորումն է, ու ես դրա համար կգործադրեմ բոլոր ջանքերը»,-ասել է Ագրամունտը:




Լրահոս