Ազգային ժողովում շարունակվում են բյուջեի քննարկումները: Այժմ ոստիկանության, ԱԻՆ-ի և ԱԱԾ-ի ներկայացուցիչները ներկայացնում են բյուջեով իրենց հատկացումներն ու արված աշխատանքները: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու ներկա չեն այդ գերատեսչության ղեկավարները: Նշենք, որ քննարկումներին ներկա են այդ երեք գերատեսչությունների ղեկավարների տեղակալները:
«Ես խորին հարգանք ունեմ փոխնախարարների հանդեպ, բայց ես կարծում եմ նախարարներն իրենց սրբազան ժամանակից կարող են մեկ ժամ հատկացնել և գալ: Ինչու են այստեղ նստած փոխնախարարները: Ես հիմա դուրս կգամ և այստեղ կգան իմ փորձագետները», – հետաքրքրվեց Զոհրաբյանը` ընդգծելով` գեղեցիկ չի լինի, եթե իրենք բոլորն այստեղ չլինեն և իրենց փոխարեն փորձագետները գան քննարկման: Այս խոսքերից հետո պատգամավորը դուրս եկավ դահլիճից:
Նիստը նախագահող Կորյուն Նահապետյանն ի պատասխան նշեց, որ վարչապետն ինքն է որոշում ում լիազորել բյուջեի քննարկումների ժամանակ: «Իհարկե, մենք մտահոգված ենք, որ անձամբ չեն մասնակցում», – հավելեց նա: