Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Մասնավորապես, ապօրինի շինարարության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 7 դեպք:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել է 6 արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը:
Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել գյուղմթերքների սեզոնային շուկաների վերագործարկմանը:
Զեկուցվել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման աշխատանքները: Նախորդ շաբաթ տվյալ իրավախախտման դեպքով կազմվել է 53 վարչական արձանագրություն:
Խորհրդակցության ընթացքում շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2016թ. ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարաել է հատուկ հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների որակը:
«Այս մասով մենք պարտավորություններ ունենք միայն մեր համաքաղաքացիների նկատմամբ և պարտավոր ենք վերահսկել կատարվող աշխատանքների որակը: Որակ չապահովող կազմակերպությունների հետ պայմանագրերը պետք է անմիջապես խզվեն և դադարեցվեն բոլոր աշխատանքները: Մենք անորակ աշխատանք չենք ընդունելու և սա պետք է լինի միակ և հստակ բանաձևը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցություն ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է հունիսի 1-ից բակերում, խաղահրապարակներում, այգիներում և պուրակներում անցնել լուսավորության ամառային ռեժիմի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն