Երևանի ավագանու` մայիսի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում ավագանին քննարկել և հավանություն է տվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում, ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու մասին որոշման նախագծին:
«Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։
Արտահերթ նիստում ավագանին քննարկել և հաստատել է նաև մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների ծրագիրը:
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից դեպի Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոց տանող տարածքը դարձնել ժամանակակից չարորոշիչներին համապատասխան ճանապարհային հանգույց: Ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է նաև ինժեներական և ենթակառուցվածքային համակարգերի վերակառուցում:
Ավագանու արտահերթ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի շրջանակում Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն