Արդեն մի քանի տարի է, ինչ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը ահազանգում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է ՀՀ օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի դրույթների կոպիտ խախտումներով: Եւ չնայած սրան՝ 2013, 2014 եւ 2015 թվականներին բնապահպանության նախարարությունը տեսչական ստուգումներ չի իրականացրել:
Տեղեկացնենք, որ 2012 թվականից ի վեր Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը տարբեր ժամանակներում դիմել է պաշտոնավարող բնապահպանության նախարարներին՝ ներկայացնելով հիմքեր Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ եւ պահանջելով իրականացնել տեսչական ստուգումներ՝ խախտումները վեր հանելու եւ համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով: Այս նախաձեռնության երկարատեւ պայքարի շնորհիվ, ի վերջո, անցած տարվա հունիսի 14-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Թեղուտի հանքավայրում իրականացվել են տեսչական ստուգումներ: Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ իրականացնելու պահանջով բնապահպանության նախարարություն դիմել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Այս թեմային նա նույնիսկ անդրադարձել է իր տարեկան զեկույցներում:
Այսպես՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2015 թվականի տարեկան զեկույցում նույնպես անդրադարձ կա «Թեղուտ» ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ իրականացնելու հարցին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկված է եղել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ստուգման ենթակա կազմակերպությունների` 2013, 2014 եւ 2015 թվականների ցանկերում: Սակայն այդ տարիներին տեսչական ստուգումներ չեն իրականացվել:
Մինչդեռ ընդգծենք՝ բազմաթիվ բնապահպաններ ահազանգել են, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը կոպտորեն խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, ինչի հետեւանքով հանքարդյունաբերական թափոնները հարակից գետ են թափվել: Ի պատասխան բնապահպանների ահազանգի` ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից համապատասխան ցուցում է տրվել ընկերությանը. միջոցներ են ձեռնարկվել հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու ջրի պոմպակայանը լրացուցիչ հզորությունով համալրելու եւ հետագայում նման վթարային արտահոսքերը շրջակա միջավայր բացառելու ուղղությամբ: Սակայն ստուգումներ այդպես էլ չեն իրականացվել: Ի դեպ, նախորդ տարի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը տվել է համապատասխան հանձնարարական «Թեղուտ» ՓԲԸ-ում ստուգում անցկացնելու վերաբերյալ, ինչը հնարավոր չի եղել իրականացնել ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի որոշումն ընդունելուց հետո, որի համաձայն ստուգումները կասեցվել են: Այնուամենայնիվ, ԲՆ-ն հաշվի առնելով ահազանգերը՝ իր լիազորությունների շրջանակներում կարող էր «Թեղուտ» ՓԲԸ-ում ստուգումներ իրականացնել եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ