Սամվել Բաբայանի վերադարձից մինչև մայիսյան հերոսամարտեր. շաբաթվա ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ամփոփում է շաբաթվա կարևորագույն իրադարձությունները:

23.05.2016

Ապրիլյան պատերազմից հետո սկսված պաշտոնանկությունները շարունակվում են: Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Զինված ուժերի սպառազինության պետ, գեներալ մայոր Մելսիկ Չիլինգարյանը:

Մեկ այլ հրամանագրով՝  նախագահը Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ: Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Կոմիտաս Մուրադյանը, որին նախագահն աշխատանքից ազատել էր քառօրյան պատերազմից հետո:

Մայիսի 23-ին ժամը 15-ի մոտ փոթորիկ  սկսվեց Երևանում և մոտակա մարզերում: Ուժեղ քամին ավերածություններ  գործեց մայրաքաղաքում, Արագածոտնում և Արմավիրում:

Հայաստան է վերադարձել գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը: Նա Արցախի պաշտպանության բանակի հիմնադիրն է, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը: Վերջին շրջանում նա գտնվում էր Մոսկվայում:

24.05.2016

Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կալանավորվածներ կան: Քննչական կոմիտեն հաստատել է, որ մայիսի 16-ին տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակցած 6 անձանցից 4-ը կալանավորված են: Ըստ մամուլի հրապարակումների՝ կալանավորվածները Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից դրամ շորթելու մեղադրանքով կալանավորված՝ «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը հայտարարել է, թե շորթման գործը սարքած է, պատվիրատուն էլ՝ Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն է: Ի պատասխան պատգամավորը դա կեղտոտ զառանցանք է անվանել :

25.05.2016

Խորհրդարանն այսօր 3-րդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել, իսկ երրորդ ընթերցումից առաջ կատարվել են միայն խմբագրական փոփոխություններ:

Քառօրյա պատերազմի օրերին զոհված երեք զինծառայողի ընտանիքներին բնակարաններ կտրամադրվեն: Երեւանի ավագանու որոշումով՝ բնակարաններ կստանան կամավոր Սարգիս Խալափյանի, պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, ժամկետային զինծառայող Մանվել Գեւորգյանի ընտանիքները, որոնք վարձով են բնակվում:

26.05.2016

Մատաղիսի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Վահե Եղոյանը՝ գլխի հրազենային վիրավորումով: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: Իսկ Ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գեւորգյանը՝ կրծքավանդակի կտրած ծակած վերքով տեղափոխվել է Մեղրիի բուժկենտրոն, ճանապարհին` մահացել:

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին: Նրանք պահանջում են անցած տարվա մթերած խաղողի պարտքը վճարել: Գյուղացիների խոսքով՝ վարչապետը խոստացել էր, որ մինչեւ մայիսի 10-ը պարտքը կմարվի, սակայն խոստումը չի կատարել։

27.05.2016

Հանրապետության շուրջ 25 հազար 12-րդ եւ 30 հազար 9-րդ դասարանցիների  համար այսօր հնչել է  «Վերջին զանգը»: Բոլոր 1400 դպրոցներում «Վերջին զանգը» սկսվել է լռության րոպեով՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում ընկած հերոսների։

Ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող, դերասան Գոռ Վարդանյանն այսօր արդարացվել է: Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր սպանությունից հետո խուզարկությամբ Գոռ վարդանյանի Դյուքենդոյի հայկական ֆեդերացիայում ռազմամթերք էր հայտնաբերվել:

Ձերբակալվել է Արտակ Գալստյանը, որին շատերը գիտեն որպես «Վանոյի Արտակ»։ Նախնական տեղեկություններով, նրան մեղադրում են շորթման մեջ։

28.05.2016

Մայիսի 28–ին իշխանական վերնախավը, ավանդույթի համաձայն, Սարդարապատի հուշահամալիրում էր: Հայ ժողովուրդն այսօր տոնում է Առաջին հանրապետության ստեղծման 98–րդ տարեդարձը:

Հանրապետության տոնի կապակցությամբ նախագահն այսօր հանձնեց հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները: Նախագահական նստավայրում պարգեւները ստացան 2016 թվականին մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամները:

Տոնական օրն ամփոփվեց ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացումով: Բացմանը մանսակցում էր նաեւ Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը:

Աղվան Հովսեփյանն Ապարանում նշում էր «Բաշ-Ապարանի» հերոսամարտի 98-ամյակը: Ավանդույթի համաձայն, ապարանցիները շուրջպար բռնեցին: Միջոցառման կուլմինացիան տոնական տորթը կտրելու պահն էր։ Աղվան Հովսեփյանը անձամբ կտրեց տորթն ու Վահրամ Բաղդասարյանի հետ բաժանեց քաղաքացիներին։




Լրահոս