ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է տրամադրվում այն:
Ռուբինա Հակոբյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկանքը տրամադրում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը (լիազորված անձը, ծնողը) տեղեկանք ստանալու համար կարող է դիմել նաեւ տվյալ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ): Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է ՀՀ մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար:
Տեղեկանք ստանալու համար կարող է դիմել ամուսնություն գրանցել ցանկացող անձը կամ նրա ծնողը, կամ նրա կողմից լիազորված անձը: Տեղեկանքն ուժի մեջ է այն տալու օրվանից 6 ամիս ժամկետով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկանք տրամադրելու համար գանձվում է լրացուցիչ արտաբյուջետային վճար՝ 10000 ՀՀ դրամի չափով, իսկ երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը մատուցելու համար՝ 7000 ՀՀ դրամի չափով:
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: