Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը չներկայացնելու հետ կապված հնարավոր հետևանքները: Ըստ այդմ, էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը, կամ հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների, կամ հայտարարագրի ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը, կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելն առաջացնում է նախազգուշացում:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Սակայն նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այս նախագիծը թերի համարեց. «Նախագիծը ներկայացված է շատ թերի տեսքով, համաձայնեցված չէ Էթիկայի հանձնաժողովի հետ: Առաջարկում եմ հետաձգել օրենքը կամ մինչև Ազգային ժողով տանելը լուրջ լրամշակել»:
Նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ քննարկումները դեռևս շարունակվում են և մինչև Ազգային ժողով ներկայացնելը նախագիծը կլրամշակվի և կներկայացվի այն տեսքով, որն ընդունելի կլինի Էթիկայի հանձնաժողովի կողմից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց քննարկում կազմակերպել իր մոտ: Նա ընդգծեց, որ եթե չկա գործիքակազմ, անիմաստ է ընդունել նախագիծը. «Ես համաձայն եմ պարոն Սարգսյանի հետ, ես կհրավիրեմ խորհրդակցություն, եթե չունենք միասնական որոշում, նախագիծը չի ընդունվի»: