Վերջին շրջանում հայկական «Դոմինո» սիթքոմի շրջանակում հեռուստադիտողները տեսնում են իրենց բավական ծանոթ դերասանի, սակայն բոլորովին նոր կերպարում: Հովհաննես Դավթյանը` նույն ինքը` «Բանակում» եւ «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի Մխոն, որն աչքի էր ընկնում իր «քյարթու» տեսակով, այս անգամ կտրուկ կերպարանափոխվել է` հանդես գալով «կանացի» կերպարում:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց, որ դերասանի համար դա շատ հետաքրքիր անցում է. «Սիթքոմի այս կերպարի մեջ ինձ հոգեհարազատ ոչինչ չկա, սակայն մեր առօրյայում շատ կարելի է հանդիպել նման տղամարդկանց»,- ասաց նա` հավելելով, որ «Դոմինոյում» բավական ջերմ եւ ընկերական մթնոլորտ է տիրում, եւ իրեն հաճելի է այդ թիմի հետ աշխատելը:
Մենք հետաքրքրվեցինք` ինչու կանանց միամսյակի շրջանակում Հովհաննեսի` Երեւանի կամերային թատրոնում խաղացած նոր stand up կատակերգությունը` «Խառը կանացի»-ն, տեւական ժամանակ է` բեմում չի հայտնվում. «Ապրիլյան պատերազմի օրերին ես դադար վերցրեցի, բայց արդեն հունիսին հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա ներկա գտնվելու այդ ներկայացմանը: Ուրախ եմ, որ «Խառը կանացի»-ն լավ ընդունվեց, ինձ հատկապես ոգեւորեց կանանց արձագանքը, քանի որ ներկայացումը հենց նրանց մասին է: Վերջիններս ինտերակտիվ շփման ընթացքում այնպիսի ռեպլիկներ էին անում, ինչպես օրինակ՝ «Հա, իսկապես, մենք այսպիսին ենք», «Պետք է մի քիչ փոխվել» եւ այլն»,- ծիծաղելով ասաց դերասանը: Նա նշեց, որ մոնո-ներկայացման ժանրն իրեն բավական գրավել է, եւ հետաքրքիր է թե՛ գրել, թե՛ խաղալ այդ ժանրում:
Ինչպես հայտնի է՝ երեք տարի առաջ դերասանը դուրս է եկել Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից, իր պարզաբանմամբ` զբաղվածության պատճառով: Մենք հարցրինք` արդյոք իրեն թատրոնից չեն խնդրել վերադառնալ. «Չէ, բացարձակ: Նույնիսկ կարծում եմ` Սունդուկյանում կարող են խնդրել, որ դուրս գաս այնտեղից, ոչ թե հետ գնաս. հիմնականում այդպիսի մթնոլորտ է: Եթե ուզենամ հետ գնալ, կգնամ, բայց չեմ կարողանում այդ մթնոլորտում աշխատել»,- պատասխանեց Հովհաննեսը` չցանկանալով տվյալ թեմայի շուրջ ծավալվել:
Աննա Բաբաջանյան