«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երեկ ԱԺ-ում անդրադառնալով ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագրին, չի բացառել, որ դրանից հետո ՀՀ-ում կհայտնվի 200 մլն $ վարկի դիմաց ՌԴ-ից տրամադրվող զինտեխնիկան։
«Ցանկալի չէ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն, ինչ որ պայմանավորվել են ՀՀ-ում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»։ Իսկ այդ ընթացքում ԱԺ-ում խոսակցություններ էին շրջանառվում, թե ՌԴ-ն ՀՀ-ի առաջ պայման է դրել, որ միայն այդ համաձայնագրի վավերացումից հետո կտրամադրի խոստացած զինտեխնիկան։ Եթե ուսումնասիրում ենք համաձայնագրի ընդունման ժամանակացույցը, տեսնում ենք, որ այդ վարկածն այնքան էլ անտրամաբանական չէ։ Համաձայնագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին, այն ԱԺ է ներկայացրել միայն ապրիլի 5-ին։
Իսկ ապրիլի 25-ին այն ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ։ Ապրիլ-մայիս ամիսներին ծավալվեցին բուռն քննարկումներ, որ մինչ այժմ ՌԴ-ն չի տրամադրի այդ զինտեխնիկան. տրամադրելու մասին հայսերը ի հայտ եկան միայն մայիսի վերջին։ «Նման բան չկա, հակառակը, ամեն ինչ հստակ է: Մեկը մյուսի հետ կապ չունի, և ընդհանրապես պետք չի այդ մասին շատ խոսել»,- անդրադառնալով այդ խնդրին մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: