«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան պատերազմից հետո, թվում էր, Հայաստանում քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Տպավորություն էր ստեղծվել, որ անխտիր բոլոր շերտերը հասկացել են, թե ինչպիսի անհարիր ճոխությամբ ենք ապրել նախորդ 20 տարիներին: Բայց բավական էր` մեկ ամսվա ընթացքում հաղթահարվեր պատերազմի շոկը, որպեսզի իրերը վերադառնային իրենց բնականոն դրությանը: Սերժ Սարգսյանի ձեւակերպմամբ` գաղջ մթնոլորտը կրկին վերանվաճում է իր դիրքերը` էլ ավելի մեծ սպառնալիքի վերածվելով:
Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում հետաքրքիր տեղաշարժեր են արձանագրվում: Ցավալիորեն մեր հասարակությունը Արցախի հանդեպ հետաքրքրություն դրսեւորում է բացառապես հարցի սրացման պահերին, թեպետ ներկայիս փուլն ավելի վտանգավոր իրավիճակ է խոստանում եւ սրացման պահերին հայկական կողմի հանկարծակիի գալու իրական պատճառն է: Վերջին օրերին ադրբեջանական եւ մասամբ ռուսական վերլուծականները պնդում են, որ Հայաստանը զրկված է Ռուսաստանի աջակցությունից, եւ Սերժ Սարգսյանին ինչ-ինչ պատասխաններ տալու համար ժամանակ է տրվել մինչեւ նախագահների նոր հանդիպումը: Թերեւս նմանօրինակ լուրեր տարածվել են գրեթե բոլոր հանդիպումներից առաջ: Այդուհանդերձ, ներկայիս իրադրությունն աչքի է ընկնում զգալի առանձնահատկություններով, եթե հաշվի ենք առնում օդային սահմանի հսկողությունը փաստացիորեն ռուսներին հանձնելու իշխանության քայլերը, որոնք կարծես թե ֆորպոստացումից դեպի պոլիգոնի փոխակերպման վերջին ակորդներից են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: