«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանապետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, անդրադառնալով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի գործին, վստահեցրեց, որ գործը չի կոծկվի. «Տարվելու են օրենքի համապատասխան միջոցառումներ, օրենքով նախատեսված հանցագործները պատժվելու են»:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Արցախի մայրաքաղաքի կենտրոնում ծեծի էր ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ երբ դուրս է եկել Ազգային ժողովի շենքից, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարեւանությամբ գտնվող գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել: Ավելին՝ հայտնի դարձավ, որ Հայկ Խանումյանին ծեծողները նրան ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որը իրեն անձամբ տվել է Սամվել Բաբայանը:
Հայկ Խանումյանը նշել է, որ 7 հոգուն ճանաչում է արտաքինով ու դեռ չի շտապում անուններ հրապարակել, քանի որ ենթադրությունները դեռ պետք է հստակեցվեն: Անդրադառնալով իրավապահ մարմինների գործողություններին, թե արդյո՞ք գործը կբացահայտվի, Խանումյանը հայտնել էր, որ եթե քննչական խումբն ուսումնասիրի Ազգային Ժողովի տեսանկարահանող սարքերը եւ «Արցախ» բանկի տեսանկարահանող սարքերը, ապա հնարավորություն կունենա որոշակի մարդկանց գտնել: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը) հատկանիշներով: Դեպքից արդեն երեք օր է անցել, սակայն գործով որեւէ կասկածյալ չկա:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանապետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանի հետ:
-Պարո՛ն Ենգիբարյան, ինչպե՞ս է ստացվում, որ Արցախում օրը ցերեկով մարդ են ծեծում, եւ ծեծողները դեռ անհայտ են ու անպատիժ:
-Միայն կարող եմ ասել, որ հարուցվել է քրեական գործ՝ երկու հոդվածով, եւ կոնկրետ միջոցներ են ձեռնարկվում՝ անհայտ անձանց հայտնաբերելու եւ ձերբակալելու համար: Այս պահին այլ բան Ձեզ չեմ կարող ասել:
–Հրապարակվեց այն մասին, որ պատգամավորին ծեծողները նրան ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որն անձամբ տվել է Սամվել Բաբայանը: Ավելին՝ անգամ հայտնի է որ Ազգային ժողովի եւ Արցախ բանկի տեսախցիկները տեսանկարահանել են ծեծի մի մասը, որը տեղի է ունեցել հրապարակում: Արդյո՞ք ոստիկանությունն առգրավվել է այդ տեսախցիկները եւ ի՞նչ է պարզել դրանց միջոցով: Ավելին՝ Խանումյանն ինքը է հայտնել, որ դեմքերով հիշում է իրեն ծեծողներին, մի՞թե այսքան փաստերը բավական չեն որոշակի անձանց բերման ենթարկելու համար:
-Նախաքննության շահերից ելնելով՝ ես այս հարցերին չեմ կարող պատասխանել: Նշեմ, որ ձեւավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարեւոր գործերով քննության բաժնի եւ նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: Տարվում է նախաքննություն:
-Հասարակության մոտ մտավախություն կա, որ այս ծեծի գործը կկոծկվի, ինչպես կոծկվեց 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամներին Բերձորի ճանապարհին ծեծի ենթարկելու դեպքը: Այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ու գործը փակվեց, գնաց:
-Այդ ի՞նչ խոսակցություններ են, ինչպես կարող է՝ գործը փակվի, ոչ մի քրեական գործ էլ չի փակվում, մինչեւ անձը չհայտնաբերվի, այդ ինչ զրույցներ են, չեմ հասկանում:
-Մարդիկ մտավախություն ունեն, որ պատգամավորի ծեծը կմնա անպատիժ:
-Ո՛չ, ինչպե՞ս, քրեական գործը հարուցված է, տարվելու են օրենքի համապատասխան միջոցառումներ, օրենքով նախատեսված կարգով հանցագործները պատժվելու են:
-Այս դեպքը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Ադրբեջանի իշխանություններից, քանի որ ոչ միայն Ադրբեջանում կարող են դաժանորեն մարդ ծեծել իշխանությունից տարբերվող կարծիք արտահայտելու համար: Արդյո՞ք այս դեպքը ստվեր չի գցի ԼՂՀ իշխանությունների իմիջի վրա:
-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ոստիկանությունը ապաքաղաքական մարմին է, եւ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում:
Քնար Մանուկյան