Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Վարդան Օսկանյանին, որպես ընդդիմադիր գործիչ, հրավիրել են ԱՄՆ` Սպիտակ տուն: Թե երբվանից է Վարդան Օսկանյանը համարվում ընդդիմադիր, այն էլ՝ առաջնորդ, դեռ հարց է: Ամեն դեպքում, նրա նախաձեռնած կուսակցության համագումարը կայանալու է հունիսի 17-ին, իսկ մինչ այդ մի քանի քննադատական հայտարարությունները եւ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը, թերեւս, բավարար պայման չեն՝ ընդդիմադիր առաջնորդ կոչվելու համար:
Օսկանյանի՝ ԱՄՆ հրավիրվելու եւ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի հետ կապված «Ժողովուրդ»-ը երեկ մի քանի հարց ուղղեց նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյանին: ,
-Պարո՛ն Մարգարյան, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Վարդան Օսկանյանին, որպես ընդդիմադիր առաջնորդ, հրավիրել են ԱՄՆ՝ Սպիտակ տուն: Տեղեկություններ ունե՞ք՝ ինչու են հրավիրել, եւ կոնկրետ ո՞ւմ կողմից է եղել հրավերը:
-Որպեսզի ձեւակերպումները հստակ լինեն եւ ինչ-որ թյուրիմացություն չլինի, ես կարծում եմ, որ նա պաշտոնական հայտարարություն կանի, եթե նման բան կա: Ինքը պարբերաբար տարբեր երկրներում հանդիպումների գնում է եւ այստեղ օտարերկրյա դիվանագետների, դեսպանների, ներկայացուցչությունների հետ մշտապես հանդիպում է, հրավիրում են: Հիմա այլ երկրներ, այդ թվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւս լինում է, եւ առաջիկայում, կարծում եմ, որ կան նման բաներ. բայց պաշտոնական խիստ բաները ինքը կհայտարարի կա՛մ մամլո քարտուղարի միջոցով, կա՛մ ինքնուրույն: Ես ձեւակերպումներից որեւէ բան չեմ կարող ասել:
-Պարո՛ն Մարգարյան, չեք կարծում, որ Վարդան Օսկանյանին «ընդդիմադիր առաջնորդ» համարելը մի փոքր չափազանցություն է: Դուք անձամբ ընդդիմադիր եւ ընդդիմություն ասելիս ի՞նչ եք հասկանում:
-Դա, ճիշտն ասած, երկու կողմ ունի: Մեկն իրավական կողմն է, որը որ Ազգային ժողովի կանոնակարգով եւ օրենքներով է սահմանվում, բայց, այնուամենայնիվ, ես եւ իմ գործընկերները ընդդիմադիր ասելով հասկանում ենք, որ այն բեւեռը, որը ցանկանում ենք ձեւավորել, կլինի ոչ իշխանական, այն կլինի այլընտրանքը գործող իշխանություններին: Մենք ցանկանում ենք բավականին լայն համախմբվածությամբ, բավականին մեծ կոնսոլիդացիայով՝ հասարակական, քաղաքական, գնալ առաջիկա ընտրություններին: Ընդդիմադիր ասելը սա է:
-Պարո՛ն Մարգարյան, հունիսի 17-ին տեղի է ունենալու «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը: Դուք՝ որպես այդ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, կարող եք ասել, թե համագումարին ովքեր են ներկա լինելու, ում եք հրավիրել, եւ արդյոք կուսակցության կազմում կլինեն քաղաքական գործունեություն ծավալող անձինք, որոնք ավելի ճանաչված են:
-Լրատվամիջոցները հրավիրված են, կգաք, կտեսնեք այնտեղ: Ես հիմա չգիտեմ, կարող է՝ իմ եւ ձեր չափանիշները՝ ճանաչվածության կամ, ասենք, հայտնիության, տարբեր լինեն, կտեսնեք՝ ովքեր որ կլինեն ներկա, եւ կլսեք՝ ինչի մասին ենք խոսում: Համագումարը բաց է լինելու:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ