Տավուշի մարզում աղբավայրերի հիմնախնդիրը սուր է. այն թափում են բնակավայրերի խուլ հատվածներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում աղբավայրերի հիմնախնդիրը սուր է: Մարզկենտրոն Իջեւան քաղաքի աղբավայրը գտնվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, որտեղ ստեղծվել է հակասանիտարական վիճակ: Իջեւանի քաղաքապետարանը պարբերաբար աղբավայրում աշխատանքներ է կատարում, տրակտորը աղբը թաղում է հողի շերտի տակ, սակայն դա լուծում չէ:

Նշենք, որ Իջեւանի աղբավայրը գտնվում է ոչ թե Իջեւանի, այլ Լուսաձոր գյուղի վարչական տարածքում: Նախատեսվում էր, որ Տավուշի եւ Լոռու մարզերի համար աղբի վերամշակման գործարան է կառուցվելու, սակայն այդ ծրագիրը չեղյալ համարվեց:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2015թ. կայացած իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ աղբի վերամշակման ձեռնարկություն նախատեսվում է կառուցել Դիլիջանի մոտակայքում, սակայն պարզվեց՝ Տավուշի մարզում եղած կենցաղային աղբի քանակությունը բավարար չէ, որպեսզի այդ ձեռնարկությունը շահույթով աշխատի: Աղբավայրի խնդիրն առկա է նաեւ Նոյեմբերյան քաղաքում: Սահմանամերձ Նոյեմբերյանի աղբավայրը գտնվում է քաղաքային գերեզմանատան մոտ: Նոյեմբերյանցիները դժգոհում են, որ գերեզմանատան հարակից տարածքում երբեմն հակասանիտարական վիճակ է ստեղծվում, աղբատար մեքենան աղբը թափում է հենց ճանապարհի եզրին:

Նոյեմբերյանին հարակից Ջուջեւան համայնքի կենցաղային աղբը տեղափոխվում է 10 կմ հեռավորությամբ գտնվող Ոսկեվան գյուղի ամայի տարածք՝ Խլեզձոր կոչվող հանդամաս: Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանն ասաց, որ աղբավայրերի համար օրենքով նախատեսված չափանիշները խիստ են, աղբավայրը պետք է հեռու լինի բնակավայրից, գյուղատնտեսական նշանակության հողերից, ստորգետնյա ջրերից, անտառներից, սելավատարներից:

Աղբավայրում պետք է կավային շերտ ստեղծվի, աղբ լցնելուց հետո տրակտորը պետք է այն հարթեցնի, նորից կավ լցվի եւ այդպես շարունակ: Սակայն Տավուշի մարզի համայնքները ֆինանսական հնարավորություն չունեն այդպիսի չափանիշներով աղբավայր կառուցելու եւ շահագործելու համար: Գյուղերում աղբահանությունը կատարվում է ամիսը 1-2 անգամ, աղբն էլ թափում են բնակավայրի որեւէ խուլ հատվածում: Գյուղական աղբավայրերի մեծ մասը ցանկապատված չէ, դրանք բաց են մարդկանց եւ կենդանիների մուտքի համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս