Հունիսի 15-ին, ժամը 17-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում կայացել է ավագանու նիստ, որին մասնակցել են նաեւ համայնքի բնակիչները, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ավագանու նիստի օրակարգի միակ թեման եղել է համայնքների խոշորացման հարցը: Նիստը տեւել է մի քանի ժամ:
Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Բերդավանի բնակիչները չեն ցանկանում հարեւան Կողբ համայնքի մաս կազմել եւ պնդում են, որ Բերդավանը մնա առանձին համայնք: Իսկ եթե համայնքների խոշորացումն անխուսափելի է, ապա բերդավանցիները ցանկանում են միավորվել Նոյեմբերյանի հետ: Այս մտահոգությունները սահմանամերձ գյուղի բնակիչները փոխանցել են մարզպետին, որպեսզի նա հայտնի կառավարությանը:
Մարզպետը հավաստիացրել է, որ բերդավանցիների կամքին հակառակ որոշում չի ընդունվի: Հավելենք, որ բերդավանցի մի խումբ երիտասարդներ Բերդավանը Կողբ համայնքի կազմում ընդգրկելու դեպքում մտադրվել էին փակել իրենց գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Աժ երեկվա նիստում համապատասխան օրենսդրական նախագծի ընդունումից առաջ Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշվել է Բերդավանը միավորել ոչ թե Կողբի, այլ Նոյեմբերյանի հետ:
Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի համայնքներում պետք է կայանան ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններից 60 օր առաջ մարզպետը պետք է որոշում ընդունի տեղական ընտրություններ անցկացնելու համար: Մինչ այդ հասցնելու են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքները խոշորացնել: Մինչեւ համայնքների խոշորացման գործընթացը սկսելը իշխանությունները ինչո՞ւ չեն պարզել խոշորացվող համայնքների բնակիչների, հատկապես սահմանագոտում ապրողների կարծիքը: Ո՞ւր մնաց բնակչության իրազեկումը, մասնակցային գործընթացը, որոնց վերաբերյալ հաճախ խոսում են Հայաստանի իշխանավորները: