«Որևէ փաստաթուղթ Սանկտ Պետերբուրգում չի ստորագրվելու». ինչ մեսիջներ է հասցրել Սերժ Սարգսյանը քաղաքական էլիտային վերջին խրախճանքի ժամանակ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականները երեկ պնդում էին, թե «Ֆլորենսում» տեղի ունեցած քեֆը հերթապահ-պրոտոկոլային էր, բայց ՀՀԿ նախագահը բավականին կարեւոր մեսիջներ է հղել իր կուսակիցներին: Սերժ Սարգսյանի մոտ ՀՀԿ-ն ցուցադրել է, որ «մեկ հոգի՝ մեկ մարմին» է, ու նախագահի, երկրի, պետականության համար բաժակ բարձրացրած Գալուստ Գրիգորիչի հետ եղել է խիստ համերաշխ: Հաջորդ կենացն ասել է Հովիկ Արգամիչը, որի կառավարության ողջ կազմը նույնպես ներկա է եղել «տոնակատարությանը»` «նվիրված» ԱԺ աշխատանքների ավարտին, Ընտրական օրենսգրքի կոնսենսուսին, Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմանը: Բացակայել են միայն դաշնակցական նախարարները: Հովիկ Աբրահամյանը խմել է նաեւ Գալուստ Գրիգորիչի, պատգամավորների, ԱԺ-ի կենացը: Հետո Գրիգորիչը խմել է կառավարության կենացը:

Ամփոփիչ կենացով հանդես է եկել Սերժ Ազատիչը՝ անդրադառնալով 3 խումբ հարցերի. սկսած գործի շարունակություն, միասնականության դրսեւորում պետականության, Արցախի, երկրի անվտանգության հարցերի նկատմամբ։ Ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու, թե որքանով` հաջող, շատ կամ քիչ, բայց մղելու են, քանզի երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների, գործընթացների առաջ: Ասել է, որ մարտահրավերները շատ մեծ են, ուստի պետք է կարգի բերվի «հայոց տունը»՝ դրսին, Ադրբեջանին չուրախացնելու եւ ոչ թե ընտրությունների գնալու պատճառով: Ներքաղաքական հարցերից չի խոսել եւ ոչ մի հստակություն չի մտցրել տագնապահար ՀՀԿ-ականների շրջանում` ապագա ընտրությունների եւ իրենց ճակատագրի մասով: Երկրորդ բլոկում անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպմանը. տեղեկացրել է, որ այն լինելու է Վիեննայի հանդիպման շարունակությունն ու պայմանավորվածությունների ֆիքսումը, ասել է` պետք է քննարկվի հետաքննող սարքերի տեղակայման խնդիրը: Ասել է. «Գնդակն Ադրբեջանի դաշտում է», եւ կարեւորն այն է, որ միջազգային հանրությունը հասկացել է, որ ագրեսորն Ադրբեջանն է: Տեղեկացրել է, որ որեւէ փաստաթուղթ Սանկտ Պետերբուրգում չի ստորագրվելու, բանակցությունները բերվելու են զրոյական վիճակի, որպեսզի հաջորդ անգամ այդ կետից առաջ շարժվեն: Երրորդ բլոկում Սերժ Սարգսյանը խոսել է Հռոմի պապի այցի մասին, կարեւորել այն ոչ միայն հոգեւոր, այլեւ առաջին հերթին գեոքաղաքական, տարածաշրջանային առումներով` նշելով, որ համայն աշխարհի ուշադրությունն այդ օրերին կենտրոնացած կլինի Հայաստանի վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս