Միակ ձեռքբերումն այն էր, որ աղետի հետևանքով զոհեր չեղան. Արթիկի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկի բնակչուհի Դուսակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հնարավոր էր ինքը չփրկվեր սելավի ժամանակ, եթե իր արձագանքին չպատախաներ քաղաքապետը. «Հենց առաջին արձագանքս ուղղված է եղել քաղաքապետին, ով փրկարար ջոկատ ուղարկեց, և կարողացան ինձ տանից հանել: Ես շատ շնորհակալ եմ, որ կենդանի եմ մնացել, վարչապետն էլ եկավ տեսավ ու ինձ տուն է խոստացել»:

Արթիկում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից հետո բնակիչների խնդիրները շարունակում են մնալ անլուծելի, չնայած հնչեցվող խոստումներին` նրանց տրամադրվող գումարները չեն բավարարում բնակարաններն «ուշքի բերելու» համար:

Քաղաքապետ Արսեն Աբրահամյանի խոսքով` իրենց միակ ձեռքբերումն այն էր, որ աղետի հետևանքով զոհեր չեղան. «Մանկապարտեզում 20-ից ավելի երեխաներ կային, և կարող էր աղետն ունենալ անդառնալի հետևանքներ: Ես բազմիցս հայատրարել եմ և մնում եմ նույն կարծիքին, որ աղետի հիմնական պատճառը առատ տեղումներ էին»:

Քաղաքապետը նաև նշեց, որ այժմ կատարվում են անհրաժեշտ աշխատանքեր վիճակը բարելավվելու համար: Նրա խոսքերը հաստատեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական հսկողության և համայնքների հարցերով վարչության պետ Արթուր Սողոմոնյանը, ում փոխանցմամբ` այս պահին Արթիկում այնքան տեխնիկա կա, որ այդ ուղղությամբ անգամ կատակներ են հնչում:

Արթիկի մեկ այլ բնակիչ` Լյովա Մոռոյանն էլ ասաց, որ վարչապետը, տեսնելով իր տունն, ասել է, որ այնտեղ բնակվելն ուղղակի հնարավոր չէ և հրահանգել է իրեն տուն տրամադրել. «Երկու օր քնել եմ իմ տան տանիքում. ուրիշ բան չեմ պահանջում, մենակ տուն եմ ուզում, որ կարողանամ ապրել»:

Բնակիչն անկեղծացավ ու լրագրողներին հայտնեց, որ իր հագուստ անգամ վերցրել է եղբորից. աղետից հետո տանը ոչինչ չի մնացել:




Լրահոս