Երգչուհի Ջուսի համար այս ամառը ոչ միայն բուռն աշխատանքային է, այլեւ տրամադրում է հանգստի եւ մեկուսացման: Նա իր սիրելի տղամարդու` փաստաբան Վահագն Մանուկյանի հետ արդեն հասցրել է լինել տարբեր հանգստավայրերում` երբեմն համատեղելով աշխատանքը հանգստի հետ:
Երգչուհին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Ծաղկաձորում մասնակցել է համերգ-փարթիի, որը կազմակերպել էր հայաստանյան տուրիստական գործակալություններից մեկը: Բացի այդ` նա իր սիրելիի հետ եղել է նաեւ Աղվերանում, Սեւանում. «Ես բեմում բավական ակտիվ մարդ եմ, բայց առօրյայում նախընտրում եմ պասիվ հանգիստը: Սիրում եմ առանձնանալ բնության գրկում, կտրվել առօրյա հոգսերից: Աղվերանում, օրինակ, այնպիսի հանգստյան գոտում էինք, որը գտնվում էր շատ գեղեցիկ անտառի մեջ»,-մանրամասնեց Ջուսը:
Նա նշեց, որ սիրելիի հետ նախընտրում է նաեւ այցելել տվյալ քաղաքի մշակութային օջախներ, տարբեր խաղեր խաղալ, եւ որ ամենազվարճալին է` «ըմբշամարտով զբաղվել» (Հիշեցնենք, որ Ջուսի ընտրյալը 1995-1997 թթ-ներին եղել է Հայաստանի եւ Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն). «Մեկ-մեկ նա ինձ հետ «մենամարտում է», ինքը, իհարկե, շատ ուժեղ է, բայց խղճում է ինձ»,-ծիծաղելով պատմեց երգչուհին:
Նա նաեւ հավելեց, որ հնարավոր է` օգոստոսին իր ընտրյալի հետ մեկնի արտասահման` հանգստանալու. «Ուզում ենք գնալ Եգիպտոս, տեսնել Կարմիր ծովը, բուրգերը… Պարզապես հիմա ես զբաղված եմ իմ նոր տեսահոլովակի նկարահանումներով, եւ սպասում եմ, թե երբ եմ ավարտին հասցնելու դրա հետ կապված աշխատանքները: Մանրամասներ հայտնել չեմ կարող, միայն կասեմ, որ դրա պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին, խոստանում եմ բոլորին շոկի ենթարկել»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ Ջուսը մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ էր հայտնել վերոնշյալ տեսահոլովակի մասին. «Վստահ եմ, որ այդ գործը կզարմացնի իմ հանդիսատեսին, քանի որ ոչ ոք ինձ նման իրավիճակում չի տեսել: Երգի հեղինակը Աղասի Գեւորգյանն է, գործիքավորումն արել է Գուժը»,-ասել էր նա:
Աննա Բաբաջանյան