Փարիզում “BUREAU VERITAS” միջազգային հավաստագրման մարմնի գլխավոր գրասենյակում հոկտեմբերի 7-ին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին են հանձնել ISO 27001:2005 հավաստագիրը, որը տրվում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի` միջազգային ստանդարտին համապատասխանելու դեպքում: Ավելի քան 2 տարի “BUREAU VERITAS”-ի փորձագետների թիմը մանրամասն վերլուծել է ՊԵԿ-ի գործունեությունը և կոմիտեն ճանաչել անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող պետական կառույց: “Համակարգի ուսումնասիրությունը բավական բարդ էր, սակայն կոմիտեի նախագահի գլխավորությամբ ու բարձր որակավորմամբ աշխատակիցների շնորհիվ բոլոր բարդությունները հաղթահարվեցին, և այսօր մենք հպարտ ենք ՊԵԿ-ին հանձնել այս հավաստագիրը”,-նշել է “BUREAU VERITAS”-ի ղեկավարը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նկատել է, որ “BUREAU VERITAS”-ի նման հեղինակավոր կազմակերպությանը դիմելը բավական ռիսկային էր, սակայն կոմիտեին հաջողվեց անցնել կազմակերպության բոլոր ստուգումներով և վաստակել միջազգային չափորոշիչների համապատասխանության հավաստագիր: “Վերջին 4-5 տարում կոմիտեում համակարգերի ներդրումն իրականացվել է բացառապես մեր աշխատակիցների ուժերով` միջազգային կառույցների գործընկերների հետ խորհրդակցելու արդյունքում: Եվ մեզ համար կարևոր էր հասկանալ` որքանով է ճիշտ մեր ընտրած ուղին: ՊԵԿ-ի և “BUREAU VERITAS”-ի աշխատակիցների կատարած համատեղ բարդ աշխատանքից հետո համոզվեցինք, որ ճիշտ ճանապարհին ենքե,-նշել է ՊԵԿ նախագահը:
Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային ստանդարտի ներդրումը ՊԵԿ-ում հնարավորություն է տալիս հարկային և մաքսային ծառայություններն ապահովել տեղեկատվական բազաների և կառավարման համակարգի անվտանգության բարձր մակարդակով: Գ. Խաչատրյանը համոզված է, որ հավաստագրի առկայությունը կբարձրացնի նաև ՊԵԿ-ի հեղինակությունը միջազգային ասպարեզում և վստահությունը պետություն-բիզնես հարաբերություններում. “Այսօր աշխարհի բոլոր երկրներում հարկային, մաքսային համակարգերի առաջնահերթությունն է ստեղծել այնպիսի պարզեցված գործընթացներ և թեթև վարչարարություն, միաժամանակ պահպանելով հարկային կարգապահությունը, որ հարկային և մաքսային օրենսդրության շնորհիվ ապահովվեն ավելի բարձր եկամուտներ”:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նկատել է, որ ISO 27001 հավաստագիրը շնորհվում է միայն այն դեպքում, եթե կազմակերպությունն ունի տեղեկատվության կառավարման անվտանգ համակարգ. “Այս փաստաթուղթը հավաստում է, որ հարկ վճարողների կողմից ՊԵԿ ուղարկված տեղեկատվությունը անխոցելի է` տեղեկատվության անվտանգության առումով”:
Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ ՊԵԿ-ի և “BUREAU VERITAS”-ի միջև համագործակցությունը սերտիֆիկացմամբ չի ավարտվելու. կողմերը շարունակելու են համագործակցել հավաստագրման միջազգային կազմակերպության այլ գործառույթների շրջանակներում և փորձելու են ավելի բարձրացնել Հայաստանում հարկային համակարգի արդյունավետությունը: