«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԳԵՆՈՑԻԴ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում իրականացվում է սոցիալական եղեռն՝ առանց զենքի, առանց կռվի, որը ստիպում է հայերին ինքնակամ տեղահանվել… Կգա ժամանակը, երբ ադրբեջանցիներն անվարան կգրավեն Հայաստանը, որտեղ արդեն հայ չի լինի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի ամենահայաշատ մարզերից մեկի՝ Լիպեցկի հայկական համայնքի նորընտիր նախագահ Ազատ Կազարովը: Հարկ է նշել, որ մարզում ապրում է շուրջ 22 հազար հայ, որից 15 հազարն արդեն ՌԴ քաղաքացի է:
-Որքանո՞վ է համայնքը կապված հայրենիքի հետ եւ ի՞նչ հարցերում կարող է իր հույսը դնել Հայաստանի, ՀՀ իշխանությունների վրա:
-Նկատի ունենալով մեր երկրի անկայուն վիճակը՝ մենք փորձում ենք մեր ուժերով լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները, այլ ոչ թե վազել եւ օգնություն խնդրել Սերժ Սարգսյանից:
-ՌԴ կողմից գործադրված ճնշումների արդյունքում Սերժ Սարգսյանը, ի վերջո, ստիպված եղավ Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնել: Ձեր կարծիքով՝ այդ անդամակցությունն ի՞նչ կտա մեր երկրին:
-Ես՝ որպես Ռուսաստանի քաղաքացի, կարծում եմ` որքան սերտ լինի կապը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, այնքան հանգիստ եւ ապահով կլինի ռուսաստանաբնակ հայերիս համար: Հակառակ դեպքում ռուսները մեզ բեռնատար գնացքներով կքշեն իրենց երկրից, ինչպես դա արեցին վրացիների հետ: Այլ հարց է, թե որքանով է դա շահավետ Հայաստանի քաղաքացիների համար: Կարծում եմ` ոչնչով: Պետք է շեշտել, որ ՌԴ-ում շատ լավ են վերաբերվում հայերին, գուցե այն պատճառով, որ այս երկրի արտաքին քաղաքականության նոր ռազմավարության մեջ է մտնում ՌԴ-ում հայերի վերաբնակեցման ծրագիրը: Այլ հարց է, թե սա քաղաքական ինչ ենթատեքստ է հետապնդում, եւ դրա հետեւանքով մեկ տարի հետո քանի հայ կմնա ՀՀ-ում: Կարծում եմ՝ հարցը պետք է ուղղել ՀՀ իշխանություններին, թե ինչու են նրանք ստորագրում մի համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս բոլոր հայերին անվարան արտագաղթել: Ի՞նչն է իշխանություններին ստիպում ստեղծել սոցիալական վատթարագույն վիճակ, երբ ազգը կանգնում է լինել-չլինելու խնդիր առջեւ: Եվ, ամենակարեւորը, ինչո՞ւ մեր անկախությունը պետք է կախյալ վիճակում գտնվի ինչ-որ գերտերություններից: Նորից եմ կրկնում՝ որպես Ռուսաստանի քաղաքացի, հայկական համայնքի ղեկավար, պաշտոնատար անձ` ես կողմ եմ ՄՄ անդամակցությանը, իսկ որպես հայ՝ կտրականապես դեմ եմ, քանի որ այն հայերիս ձեռնտու չէ:
-Փորձը ցույց է տալիս, որ ՌԴ-ն, ՀՀ-ի հետ ունենալով սերտ դիվանագիտական հարաբերություններ, չի հարգում մեր երկրի օրենքները: Մասնավորապես խոսքը երկքաղաքացիության մասին օրենքին է վերաբերում: Դուք՝ որպես հայերի ներկայացուցիչը ՌԴ-ում, ի՞նչ գնահատական կտաք այս երեւույթին:
-Գիտե՞ք, այսօր ՀՀ իշխանություններն իրենց դրել են մի շրջանակի մեջ՝ իրենց դիրքերը ամբողջապես զիջել են ՌԴ-ին, մտել հարկադիր կախվածության մեջ, որտեղից այլեւս ելք չունեն: Այստեղ պետք չէ գուշակություններ անել, պետք է հետադարձ հայացք ձգել պատմությանը եւ եզրահանգումներ անել: Պետք է ստիպել հարգել մեզ եւ մեր երկիրը, ինչպես դա արեցին վրացիները: Իսկ Հայաստանը, որ ուժեղ է իր սփյուռքով, իր տաղանդավոր անհատներով, ղեկավարվում է ինչ-որ գերտերությունների կողմից, դա վիրավորական է: Իսկապես, մեղք է մեր հայ ժողովուրդը:
-ՌԴ-ն, լինելով ՀՀ ռազմավարական գործընկերը, վերջին երեք տարիներին 4 միլիարդի զենք է վաճառել Ադրբեջանին: Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
-Ռուսաստանը հետապնդում է իր շահը, եւ նա գործելու է այնպես, ինչպես նպատակահարմար է իրեն եւ իր քաղաքացուն: Եվ քանի դեռ Հայաստանը թույլ է տալիս օգտագործել իրեն, ապա լինելու է այնպես, ինչպես այժմ է: Նորից դիմենք պատմությանը: Երբ Լենինը եւ Չեչերինը վերցրին եւ Արարատ սարն իր պատկան հողատարածքներով տվեցին Թուրքիային, մենք լռեցինք: Նույնը կրկնվեց Ղարաբաղի հարցում: Այսօր կատարվում է վատթարագույնը. իրականացվում է սոցիալական եղեռն՝ առանց զենքի, առանց կռվի, որը ստիպում է հայերին ինքնակամ տեղահանվել: Կգա ժամանակը, երբ ադրբեջանցիները անվարան կգրավեն մեր երկիրը, որտեղ արդեն հայ չի լինի: Սա շատ քաղաքակիրթ գենոցիդ է: Եկե՛ք չմոռանանք մի մտահոգիչ հանգամանք եւս. ի տարբերություն չինացիների եւ հնդկացիների՝ հայերս ասիմիլացվում, միաձուլվում ենք այլ ազգերին: Թուրքիան Ձեզ օրինակ:  
-Իսկ ի՞նչ անել:
-Սահակաշվիլուն վարձակալությա՛ն վերցրեք: Նա Հայաստանում կարգուկանոն կստեղծի, չէ՞ որ նա էլ հայ է:

Զրուցեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս