ԹԵԺ ԱՇՈՒՆ. ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀՀԿ-ՈՒՄ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ՀՀԿ խմբակցության կազմում այսօր կան պատգամավորներ, որոնք բոլորովին այլ կուսակցությունների ղեկավարներ են: Պարզապես պատգամավորական մանդատ են ստացել՝ ՀՀԿ ընտրացուցակ մտնելով: Ի՞նչ ապագա է սպասվում նրանց:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ մի քանի հարցեր է ուղղել «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին եւ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանին:
-Պարո՛ն Գեղամյան, հաշվի առնելով ամառային հանգստյան տրամադրությունները՝ այժմ քաղաքական շատ ուժեր արձակուրդում են գտնվում: Դո՞ւք էլ եք քաղաքական արձակուրդում, թե՞ ինչ-որ գործունեություն եք ծավալում:
-Եթե հարյուրավոր էջ տպագիր նյութերով հանդես եմ գալիս, բնականաբար, քաղաքական արձակուրդի մասին խոսք լինել չի կարող: Եթե Ձեզ ժամանակը ների, յանդեքսով կամ գուգլով Արտաշես Գեղամյան կլիք անեք, հաստատ կտեսնեք, որ ինտերնետային դաշտը ողողված է թե՛ հարցազրույցներով, թե՛ հոդվածներով, թե՛ գրքերով:
-Իսկ ինչպիսի՞ խորհրդարանական աշուն եք կանխատեսում եւ ինքներդ աշնանը ի՞նչ ակտիվությամբ եք աշխատելու:
-Տարվա եղանակների հետ քաղաքականությունը կապում են միայն սինոպտիկները, քաղաքական գործիչների համար մշտապես տարվա 4 եղանակներն էլ քաղաքական դաշտում առկա են, նայած թե որ դաշտում ես դիրքավորվում՝ ձմեռվա, գարնանային, ամառվա թե աշնանային:
-Պարո՛ն Գեղամյան, 2017 թվականին Ձեզ խորհրդարանում տեսնո՞ւմ եք եւ որոշե՞լ եք, թե որ կուսակցության ցուցակով եք առաջադրվելու:
-Մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները բավականին ժամանակ կա, ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության հետ համագործակցությանը, 4 տարիները, իմ կարծիքով, համոզեցին եւ ապացուցեցին, որ շատ արգասաբեր է եղել գոնե իմ եւ մեր կուսակցության համար, իսկ թե մեր կուսակցության դաշնակցությունը Հանրապետականի հետ ինչ ազդեցություն է թողել հանրապետականի վրա, ես կոռեկտ չեմ համարի դա մեկնաբանել իմ գործընկերների փոխարեն:
-Ձեր կարծիքով իշխանության նկատմամբ հանրության կողմից կորցրած անվստահությունը չի խանգարի՞ մանդատներ ստանալու հարցում:
-Եթե հանրությունը կորցնի վստահությունը իշխանության հանդեպ, դա նշանակում է, որ հանրությունը կորցրել է վստահությունը նաեւ «Ազգային միաբանության» եւ անձամբ իմ հանդեպ: Այս պարագայում, ինչ խոսք, էլ ավելի ջանադրաբար կաշխատենք, որ հիմնավորենք ու ապացուցենք, որ Հայաստանի կայունացման եւ զարգացման մայրուղին պայմանավորված է Հանրապետական կուսակցությամբ եւ նրա դաշնակիցներով:
-Պարո՛ն Գեղամյան, Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից ստեղծվող կուսակցությունների նկատմամբ: Քաղաքական դաշտում նրանք, ըստ Ձեզ, ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ:
-Նախ՝ ուզում եմ բոլորին ցանկանալ բարի մուտք մեծ քաղաքականություն՝ նորաստեղծ կուսակցության տեսքով, երկրորդը՝ ժամանակը ցույց կտա: Կանխագուշակումներ անել քաղաքականության մեջ շատ անշնորհակալ գործ է:

«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյան
-Պարո՛ն Մելիքյան, Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանը ինչպե՞ս եք պատկերացնում:
-Թեժ է լինելու, որովհետեւ ամեն մեկը պատրաստվում է ընտրություններին:
-Դուք եւս պատրաստվում եք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ, առհասարակ, որոշե՞լ եք, թե որ կուսակցութան ցուցակով եք առաջադրվելու:
-Մենք դեռ չենք որոշել, բայց, միանշանակ, մենք եթե ինչ-որ կուսակցության հետ համախմբվելու ենք, դա կլինի Հանրապետականը, ուրիշ ոչ մեկ: Հնարավոր է՝ մենք առանձին էլ մասնակցենք:
-Իսկ այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Ես դեռ արձակուրդի մեջ եմ գտնվում, սեպտեմբերին կակտիվանանք, կզբաղվենք մեր գործերով:
-Պարո՛ն Մելիքյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրությունը օր օրի կորցնում է իշխանության հանդեպ իր վստահությունը, ինչպե՞ս եք իշխանական կուսակցության շնորհիվ ցանկանում կրկին խորհրդարան մտնել:
-Անվստահություն կա ոչ միայն իշխանության նկատմամբ: Ընդդիմության նկատմամբ ավելի մեծ անվստահություն կա, եթե լավ ուսումնասիրեք, դա կնկատեք: Եւ, ընդհանրապես, ամբողջ քաղաքական դաշտի նկատմամբ կա անվստահություն:

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԻԱԿ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ «ՋՐՎԵՑ»

Երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է 2017-2019 թվականներին միջնաժամկետ ծրագրում ժամանակավորապես կասեցնել սոցիալական փաթեթի «հանգստի» բաղադրիչը, քանի որ այդ մասով չարաշահումներ են տեղի ունենում:

Սա նշանակում է, որ քաղծառայողները այլեւս չեն կարողանա իրենց ընտանիքների համար 72 հազար դրամին համարժեք երկօրյա կամ եռօրյա հանգիստ կազմակերպել: Խոսքը շուրջ 250 հազար մարդու մասին է: Հայտարարվեց, թե իբր այդ կերպ փորձում են ինչ-որ չարաշահումների դեմ պայքարել, բայց այդպես էլ չպարզաբանեցին, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Իրականում սոցփաթեթով հանգստանալը այդ համակարգի հիմնական օգտագործվող կոմպոնենտն է: Այսինքն, ՀՀ կառավարությունն այս կերպ ընդամենը ցանկանում է քաղծառայողներին այդ հնարավորությունից զրկելով գումար «խնայել»: Բայց ավելի ազնիվ կլիներ, եթե հայտարարվեր, որ պետբյուջեի գումարները վերջանում են, եւ դրա համար են կրճատում: Բայց այդ դեպքում բոլորը կարող են մատնացույց անել իշխանությունների ղեկավար կազմի ցոփ ծախսերը, որոնք երբեք չեն կրճատվում:
Նշենք, որ սոցիալական փաթեթի ներդրումը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ներդրված եզակի մեկ-երկու դրական ծրագրերից մեկն էր, որը, փաստորեն, դադարեց գործել:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» ատենապետ Նարեկ Գալստյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք կառավարության կողմից ճիշտ էր նման որոշման կայացումը: Նշենք, որ Գալստյանը համարվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին թիմակիցը եւ նրա գործունեությունը ողջունող քաղաքական գործիչներից մեկը:
«Մենք՝ որպես պետություն, գնալով հրաժարվում ենք սոցիալական կոմպոմենտից, այսինքն՝ Սահմանադրության այն դրույթը, որ Հայաստանը նաեւ սոցիալական պետություն է, որեւիցե կերպ չի իրականացվում: Սոցիալական հանգստանալու փաթեթները պետական ապարատի տասնյակ հազարավոր ազնիվ աշխատողների համար հնարավորություն էր տարին մեկ անգամ մի քանի օրով հանգստանալու, ընդ որում, ոչ լյուքս հանգստավայրերում: Սա հնարավորություն էր, որպեսզի մարդիկ օգտվեն այն սոցիալական իրավունքից, որ իրենց տրվում է Սահմանադրությամբ: Հիմա եթե այսօրվա կառավարությունը պատճառ է բերում, որ այնտեղ կան կոռուպցիոն ռիսկեր, ապա իմ կարծիքով այդ պատճառաբանության հետեւանքով Հայաստանի հազարավոր քաղաքացիներ զրկվեցին տարին մեկ անգամ մի քանի օրով հանգստանալու իրավունքից»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ մեր երկրում կան այնպիսի կոռուպցիոն սիստեմաներ, որոնց հետ սոցիալական փաթեթները համեմատելիս մարդու ծիծաղ գալիս է: «Կարծում եմ, որ եթե կարիք կար կրճատելու պետական բյուջեի ծախսերը, ապա թիրախները շատ-շատ ուրիշ տեղերում կարելի է գտնել եւ չփոշիացնել այլ տեղերում միլիոններ, միլիարդներ: Ի գիտություն այս որոշումն ընդունողների՝ մարդիկ կան, որ այս երկրում ապրում են ընդամենը աշխատավարձով եւ ընդամենը աշխատավարձով ապրող, կողմնակի եկամուտ չունեցող մարդիկ իրենց շատ դեպքերում չեն կարող թույլ տալ գնալ հանգստանալու, բայց դա էլ կտրվեց»,- եզրափակեց Գալստյանը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ ազգային վիճակագրության տվյալներով` այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները Հայաստանում նվազել են 7.9 տոկոսով: Օրինակ՝ վերոնշյալ ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 36.4 տոկոսով եւ կազմել են 3 մլրդ 68 մլն դրամ: Նշենք նաեւ, որ բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նույնպես նվազել են 6.8 տոկոսով: Իսկ օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 58 տոկոսով: Ըստ մասնագետների՝ շինարարության ծավալների կրճատման գլխավոր պատճառը շուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունն է:

 

 

«ՀԱՄԵՍՏ» ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ
ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, չնայած իր համեստ պաշտոնին, հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Նրա դրամական միջոցները նախորդ տարեվերջին կազմել են 2 մլն 770 հազար դրամ, 9 հազար եվրո եւ 261 հազար դոլար: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 437 հազար դրամ: Փոխմարզպետը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 3 բնակարան, 3 հողամաս եւ «Mercedes-Benz S 500», «Mercedes-Benz S 320» մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ նրա կնոջ՝ Անի Մկրտչյանի դրամական միջոցները նախորդ տարեվերջին կազմել են 2 մլն 300 հազար դրամ, իսկ ամսական աշխատավարձը՝ 152 հազար դրամ: Համաձայնեք, որ փոխմարզպետի համեստ աշխատավարձով նման ունեցվածք կուտակելն անհնար է: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարեւոր բաղադրիչն այն է, որ պաշտոնյաներն իրենց գույքը եւ եկամուտները հայտարարագրելուց բացի՝ նաեւ պարտավորված լինեն իրենց ունեցվածքի աղբյուրները պարզաբանել: Հակառակ դեպքում, հայտարարագրումն ընդամենը ձեւական բնույթ է կրում:

 

 

ՇԱԲՈՅԱՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ
Հայաստանը եւ Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Լարսի անցակետի փակվելու հետեւանքով դեպի ՌԴ ավիափոխադրումների տոմսերը կտրուկ թանկացել են: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից պարզել, թե այս խնդրի հետ կապված իրենք ինչ քայլեր են ձեռնարկում: Կառավարության նիստից հետնամուտքով դուրս եկած պաշտոնյան, տեսնելով իրեն սպասող լրագրողներին, ասաց, թե բոլոր հարցերով դիմեք մամուլի քարտուղարին: Կարելի է կարծել, թե քարտուղարն է հանձնաժողովի նախագահը:




Լրահոս