Ոստիկանության վրա զինված գրոհ կազմակերպած խմբի ներկայացուցիչը շարունակում է պահանջներ ներկայացնել. հարցազրույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քիչ առաջ հաջողվեց կրկին զրուցել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի հետ, ով իր համախոհների հետ միասին այսօր վաղ առավոտյան գրավել է Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը եւ մինչ այժմ գտնվում է ոստիկանության գնդում:

Մանուկյանի ու իր համախոհների առաջնահերթ պահանջներից են Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն ՀՀԿ խմբակցության պատգամավորները ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էին, որ Սերժ Սարգսյանը չի պահանջվում հրաժարական տալ:

– Ինչո՞ւ որոշեցիք, որ այսօր պետք է զինված հարձակում իրականացնեք ոստիկանության ՊՊԾ գնդի վրա:

– Այդ գործողություններն իրենք իրենց պարտադրվեցին, թելադրվեցին: Այդ պահանջն առաջացավ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունից հետո:

– Որտեղի՞ց եք ձեռք բերել այն զենքերը, որոնց միջոցով կարողացաք գրոհել ՊՊԾ շենքը:

– Մեզ նվիրել են այդ զենքերը: Մի մասը ոստիկանությունն է նվիրել: Այստեղի ոստիկանությունը նվիրել է:

– Իսկ հիմա դուք որտեղ եք պահում պատանդ մնացած ոստիկաններին, նրանք ի՞նչ վիճակում են գտնվում:

– Նրանք իմ կողքին են, միասին զրուցում ենք: Շատ մտերմիկ, շատ անուշիկ զրուցում ենք: Ընկերական մթնոլորտում ենք:

– Մնչև ե՞րբ կարող եք մնալ այդպես, չէ որ հակառակ գործողություններ կարող են լինել: ՀՀԿ-ն հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ, Ժիրայր Սեֆիլյանին էլ ազատ չեն արձակի: Այդ դեպքում ո՞րն Ձեր հետագա գործողությունը, ի՞նչ եք անելու:

– Մենք գնալու ենք մինչև վերջ: Հանրապետականը տարածքները տալիսա, Ղարաբաղը տալիսա, հղփացած, անառակ, անբարո օլիգարխ, հանցագործ ռեժիմը կա, արտագաղթը կա: Իրենք ի՞նչ Հանրապետական: Դա իրենց որոշելիքը չի: Հենց հիմա մտնում են մարդկանց տները, ձերբակալում են մեր ընկերներին, Ազատության հրապարակում են ձերբակալություններ անում: Ինչ հանրապետական, նրանք հակապետական են, թող ս… լինեն Հայաստանից:

– Պարո′ն Մանուկյան, տեսանյութերում երևում են, որ ձեր խմբի տղաները զրահաբաճկոններով են: Որտեղի՞ց:

– Ոստիկանները մեզ բարեխիղճ նվիրել են: Մենք հիմա հետաքրքրվում ենք Ժիրայր Սէֆիլյանի մասին, մեր հիմնական պահանջը սա է:

Հ. Գ. Այլ հարցերի Պավել Մանուկյանը չպատասխանեց` պատճառաբանելով, որ զբաղված է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս