Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի գործով ձերբակալվել են 113 դատավորներ եւ դատախազներ, այդ թվում` Սահմանադրական դատարանի երկու անդամ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Թուրքիայում բանակում, ոստիկանությունում, դատական համակարգում եւ պետական ծառայողների մեջ զանգվածային մաքրումները սկսվել են ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո: Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ:
Վերջին տեղեկություններով` սպանվել է 290 մարդ, որից 100-ը` խռովարարներ, մոտ 1440 մարդ վիրավորվել է: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից: «Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257 աշխատակիցներ պաշտոններից հեռացվել են, առգրավվել է նաեւ նրանց ունեցվածքը: Գործակալությունը հաղորդել է, որ պաշտոններից ազատվել են նաեւ Թուրքիայի կրոնական գործերով նախարարության 492 եւ ազգային անվտանգության ծառայության 100-ից ավելի աշխատակիցներ:
Ռազմական հեղաշրջման հետ կապված Թուրքիայում արդեն աշխատանքից հեռացվել են 50 հազարից ավելի պետական չինովնիկներ: Թուրքական «Հուրիեթ» թերթն էլ հայտնել է, որ Թուրքիայի կրթության նախարարությունը որոշում է ընդունել երկրում 626 ուսումնական հաստատություններ (524 մասնավոր դպրոց, 102 ուսումնական հաստատություն) փակելու մասին, որոնք, կասկածվում են ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպած շրջանակների հետ կապեր ունենալու մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի կրթության նախարարության համակարգից հեռացվել են 21 հազարից ավելի աշխատակիցներ: