Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել են հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրանց թվում է ազատամարտիկ Մհեր Մազմանյանը:
ArmLur.am-ը զրուցեց Մհեր Մազմանյանի որդու՝ Տիգրանի հետ` հասկանալու համար` ի՞նչ կապ կարող էր ունենալ հայրը զինված հանցախմբի հետ:
Տիգրան Մազմանյանը բացառեց կապը` նշելով, որ խնդիրը կարող է կապված լինել խմբի անդամներից մի քանիսի մարտական ընկերը լինելու հետ. «Եղել է մի ձայնագրություն, որտեղ հայրս հայհոյել է իշխանություններին: Միայն դա է եղել»:
Տիգրանը մեզ հետ զրույցում նշեց, որ Մհեր Մազմանյանն ունի անչափահաս 6 երեխա: Նա նախկինում աշխատել է զինկոմիսարիատում, ապա դուրս է եկել աշխատանքից: Այս հանգամանքը ազատամարտիկ Մազմանյանի փաստաբան ՝ Նիկոլայն Բաղդասարյանը պատրաստվում է ներկայացնել դատարան կալանքի որոշումը փոխելու համար:
«Պոստերից նոր էր եկել, մի ամսուկես կլինի, դեռ ոչ մի բանով չէր զբաղվում»,- ասաց Տիգրանը:
Հիշեցնենք, որ Մհեր Մազմանյանը մեղադրվում է զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի և Մարտին Հակոբյանի հետ կապի մեջ գտնվելու մեջ: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` 2016թ. հուլիսի 24-ին պլանավորել է Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով հավաքի մասնակիցներին դրդել ճեղքելու արգելապատնեշները, միանալու հանցավոր խմբին և վերցնելու նրանց կողմից հափշտակված հրազենը: Ընդ որում, հաշվարկվել է, որ այդ ընթացքում քաղաքացիների մեջ կարող են և պետք է լինեն մեծաթիվ զոհեր:
Լիդա Եղիազարյան