ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ԱԺ ներկայացրած “Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին” օրենքի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության:
Վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց “Ժառանգություն” խմբակցության ղեկավարը: “Երեկ մենք քննարկեցինք Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագիծը, հնչեցին փաստարկներ, որ բանակցային գործընթացը կարող է խաթարվել այս օրինագծի ընդունմամբ”,-ասաց Փոստանջյանը, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել նրա խոսափողը, նշելով, որ Փոստանջյանը ոչ թե վարման կարգի մասին է խոսում, այլ բովանդակային քննարկում է ծավալում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենց համար տհաճ է անլուրջ քննարկում ծավալել, և հայտնեց, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն մասնակցելու այս հարցի քվեարկությանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ի համար Արցախի ճանաչումը լրջագույն խնդիր է, և այն չի կարող մանրադրամ լինել քաղաքական նպատակների համար, հետևաբար, ԲՀԿ-ն ևս չի մասնակցելու քվեարկությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե լինելով ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հետևողական կողմնակից և վաղաժամ համարելով հարց՝ը իրենք ևս քվեարկությանը չեն մասնակցի:
“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտնեց, որ ձեռնպահ է քվեարկելու:
10 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ քվեարկությամբ ԱԺ-ն մերժեց “ԼՂՀ անկախության ճանաչման մասին” օրենքի նախագիծը:
Օրինագծին կողմ են քվեարկել ՀՅԴ խմբակցության բոլոր պատգամավորները, ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, “Ժառանգություն” խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանը, Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, իսկ ձեռնպահ է քվեարկել Ալեքսանդր Արզումանանը: