ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ԱԺ երեկվա նիստում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Շանթ Հարությունյանի հետ, իսկ իր հետ չի հանդիպել Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը: Զուրաբյանը, շեշտելով, որ դա նաեւ ԱԺ հեղինակության հարցն է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրել է, թե վերջինս ինչ կարող է անել պատգամավորական գործունեության սահմանադրական երաշխիքներն ապահովելու համար: «Ես անձամբ գերատեսչությունների ղեկավարների հետ կխոսեմ եւ կփորձեմ ճշտել, թե ինչու չեն հանդիպել, եթե օրենքը դա պարտադրում է»,-նիստին ասել է Աբրահամյանը: Իսկ ընդմիջման ժամանակ այդ կապակցությամբ Աբրահամյանը խորհրդակցություն է հրավիրել, որին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մասնակցել են Լ. Զուրաբյանը, Ն. Փաշինյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ականներ Դավիթ Հարությունյանն ու Կորյուն Նահապետյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Հ. Աբրահամյանը խոստացել է այդ հարցով կրկին խորհրդակցություն հրավիրել այսօր, երբ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու համար ԱԺ գա վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպեսզի բոլորով միասին բարձրացնեն այդ հարցը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից պարզել, թե ինչու են Ն. Փաշինյանին արգելել մտնել ՔԿՀ: Ստացանք ավելի քան անտրամաբանական պատասխան. «Ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում, իսկ այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ»: Ասել է թե՝ Ն. Փաշինյանի անակնկալ այցի եւ դրա հետեւանքների մասին պետական ատյանները դեռ պաշտոնական հիմնավորումներ են փնտրում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ