ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
2014թ.-ից Հայաստանում կներդրվի կենսաթոշակային նոր` կուտակային համակարգը: Այսինքն՝ աշխատավարձ ստացող մինչեւ 40 տարեկան յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իր ստացած աշխատավարձից միջինը 5 տոկոս կուտակելու է իր հաշվին, այդքան էլ պետությունն է բյուջեից փոխանցելու այդ հաշվեհամարին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՅԴ-ն որոշել է հանդես գալ նախաձեռնությամբ ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի քննարկեն կուտակային համակարգին առնչվող խնդիրները: «Դաշնակցություն»-ը ցանկանում է, որ ծրագրի իրականացումը տեղափոխվի մինչեւ 2015թ. հունվարի 1-ը: Այժմ ՀՅԴ խմբակցությունը փորձում է այս հարցի հետ կապված կոնսուլտացիաներ իրականացնել ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Դեռեւս հստակեցված չէ, թե երբ է հրավիրվելու արտահերթ նիստը:
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում գնաճը գնալով նոր տեմպեր է հավաքում: 2012թ. տարեվերջի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է 3.5 տոկոս գնաճ: Պաշտոնական այս տեղեկությունը հետաքրքիր է հատկապես այն առումով, որ այս տարվա մարտի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «ՀՀ այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017թթ., չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն՝ ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում, պետք է հրաժարական տա»: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը տեր չի կանգնում իր խոստմանը: «Ժողովուրդ»-ի այս հարցին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պատասխանեց. «ՀՀ-ում ստեղծված իրավիճակը թույլ է տալիս մտածել, որ իշխանության որեւէ ներկայացուցչի կողմից ասված որեւէ բառ չպետք է լուրջ ընդունել, քանի որ չի կատարվում: Բայց ՀՀ ներքին ու արտաքին հարցերը «Նոր ժամանակներ» կուսակցությունը կքննարկի դեկտեմբերի 14-ին կայանալիք հերթական՝ 7-րդ համագումարի ընթացքում»:
ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի տասնյակ քաղաքացիներից ահազանգ է ստացել այն մասին, որ կիրակի օրը՝ կեսօրից հետո, 64 համարի երթուղայինները չեն աշխատել: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակից Հարություն Մելքումյանի հետ, որն էլ խոստացավ զբաղվել այդ հարցով. «Ընկերության տնօրենի հետ կզրուցենք եւ հանձնարարական կտանք, որ այդ հարցը քննարկեն, ընթացք տան, որպեսզի բացառեն նման դեպքերը»: