«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում: Նույն մարզի Զանգակատուն գյուղի «Առողջության պահպանման կենտրոն»-ի տնօրեն Ռուբիկ Վարդանյանը եւ նրա որդին՝ Պատվականը, վիճել են Տիգրանաշենի 24-ամյա բնակիչ Սերգեյ Ալթունյանի հետ, ապա դանակահարել:
Եվ այսպես, դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Տիգրանաշենի ղեկավար Էդուարդ Ստեփանյանի հետ:
Գյուղապետ Ստեփանյանի խոսքով՝ բժշկի եւ 24-ամյա տղայի վեճը հին արմատներ ունի: Նրանց երեխաները վաղուց անհաշտ են: «Մի քանի տարի առաջ բժշկի որդու՝ Պատվականի եւ Սերգեյի միջեւ էլի լուրջ վիճաբանություն եղավ, բայց անցավ գնաց: Անձնական թշնամություն չեն ունեցել, պարզապես էրեխեք են, իրար հետ խնդիր ունեցան: Այս դեպքն էլ տղայական վեճ է եղել, որին ծնողներն են խառնվել: Բժիշկ Վարդանյանն էլ, մտածելով, որ իր էրեխու դեմ թշնամանք ունեն, գնացել է Սերգեյի տուն՝ երեւի հարթելու: Ամեն ինչ ավելի է բարդացել, սկսել են հայհոյել միմյանց, Սերգեյը փոցխով հարվածել է Ռուբիկի գլխին»,-նկարագրեց համայնքապետը:
Ըստ նրա՝ գլխավոր բժշկի մեծ որդին՝ Պատվականը, տեսնելով, որ հորը ծեծում են, գրպանից հանել է իր դանակը ու մեջքից հարվածել Սերգեյին. «Փորձել է հորը պաշտպանել: Ասեմ նաեւ, որ ես տեսել եմ բժշկին հասցված վնասվածքները, իսկ փոցխն էլ մի քանի մասից ջարդված էր»:
Ինչպես պարզեցինք համայնքի ղեկավարից, դանակահարությունից հետո Արարատի հիվանդանոցում Սերգեյ Ալթունյանին վիրահատել են, նրա առողջությանն այլեւս վտանգ չի սպառնում, իսկ Պատվականին կալանավորել են:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Զանգակատան «Առողջության պահպանման կենտրոն»-ի տնօրեն Ռուբիկ Վարդանյանի հետ: Թեեւ գյուղապետն ասում էր, թե անձնական թշնամանք չի եղել կողմերի միջեւ, այնուամենայնիվ, բժիշկն այլ բան պատմեց. «Տիգրանաշեն գյուղում ապրում են Բաքվից եկած մարդիկ, ու երբ Տիգրանաշենում ես դարձա տանտեր, ամեն ինչ սկսվեց… Նրանք ասում են, որ Տիգրանաշենում, բացի Բաքվից եկածներից, այլ մարդ չպետք է ապրի, ու ամեն ինչ արել են, որ իմ ընտանիքին վտարեն գյուղից: Ալթունյանները մեզ հետ լուրջ վեճեր են ունեցել, սակայն անցել գնացել է»:
Իսկ ինչի՞ց է առաջացել դանակահարության հասած վեճը: Ըստ բժշկի՝ իր փոքր որդուն՝ Արամիկին, Սերգեյը կոպիտ ձեւով է իր մոտ հրավիրել՝ ասելով, թե «արա՛, արի՛ ստեղ»: «Տղաս էլ ասել է, թե ես եմ քեզ պետք, դո՛ւ արի: Նա էլ ասել է՝ կգամ, ու եկել, մի լավ ծեծել է: Քանի որ նախաքննություն է ընթանում, այլ մանրամասներ իրավունք չունեմ պատմել: Միայն կասեմ, որ 24 տարեկան տղան իրավունք չուներ սեռական բնույթի հայհոյանքներ տալ 15-ամյա տղային: Ես բազմաթիվ վնասվածքներ եմ ստացել, իսկ տղաս կալանավորված է: Ավելին, այդ ընտանիքն էլ մշտապես լուրջ միջադեպերի մեջ է եղել: Այդ Սերգեյն անգամ մեր գյուղապետի եղբոր տղային էր դանակահարել: Դա նրա ոճն է»,-ասաց Ռուբիկ Վարդանյանը` հավելելով, որ դատաբժշկական փորձաքննությունն ապացուցել է, որ ինքը եղել է սթափ վիճակում:
Զրուցեցինք նաեւ դանակահարված Սերգեյ Ալթունյանի տատիկի՝ Վարսիկի հետ: Վերջինս, բնականաբար, ողջ մեղքը բարդեց բժշկի վրա. «Էդ վրաչը տղերանց հետ կռվել էր, մեկ էլ դանակով զինված, հարբած՝ եկել էր մեր տուն: Ահավոր վիճում էին, ոչ մի կերպ չէին կարողանում հանգստացնել, ու վրաչի տղան դանակահարեց թոռանս»:
Թեեւ երկու կողմերն էլ խուսափեցին վեճի բուն պատճառը նշել, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը գյուղում պտտվող խոսակցություններից հասկացավ՝ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ Սերգեյը հանդիպել է բժշկի բարեկամի աղջիկներից մեկի հետ, ինչը դուր չի եկել բժշկին: Եվ ահա «զույգի» պատմությունն ավարտվել է դանակահարությամբ:
ԾԵԾԿՌՏՈՒՔ ԵՎ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ