Հոկտեմբերի 28-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է Դիլիջան քաղաքի բնակչուհի, 1963թ. ծնված Սեդա Քոչարյանի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, եւ նրան 2 ամսով կալանավորել: Այդ մասին միջնորդությունը դատարանին ներկայացրել է քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Արարատ Ազիբեկյանը: Միջնորդության պատճառը եղել է այն, որ Սեդա Քոչարյանն անհարգելի պատճառով ուշացել է իր վերաբերյալ քրեական գործով հոկտեմբերի 28-ի դատական նիստից:
Սեդա Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ.-ից մինչեւ 2013թ. Աննա Ապրեսյանին դրդել, համոզել է տարբեր անձանցից եւ կազմակերպություններից պարտքով գումարներ վերցնել եւ տալ իրեն, իսկ հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել` սպառնալով վնասել Աննա Ապրեսյանին եւ նրա ընտանիքի անդամներին: Ըստ մեղադրանքի՝ դրա հետեւանքով Աննա Ապրեսյանը 2013թ. հունվարի 8-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Սեդա Քոչարյանը մեղադրվում է նաեւ այն բանի համար, որ 2012թ. մարտից մինչեւ նույն տարվա սեպտեմբեր ամիսը, Աննա Ապրեսյանի վստահությունը չարաշահելով եւ խաբեությամբ, նրա միջոցով Արարատ Ալիխանյանից հափշտակել է 2 միլիոն դրամ: Սեդա Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն, որ կատարվել է խոշոր չափերով): Սույն հոդվածով որակված գործողությունները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում: Նշենք, որ Սեդա Քոչարյանը նախկինում եղել է Դիլիջանի ավտոկայարանի տնօրեն, ապա` գանձապահ: Ժամանակին նա եղել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ակտիվիստներից: Ավելին, դիլիջանցիների խոսքով՝ նա հաճախ փաստացի կատարել է կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարի գործառույթներ:
Տավուշ