ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՆԱՅՔ ՀԻԱՑՆՈՒՄ ԵՆ
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունենում տղամարդկանց եւ կանանց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Առաջին եւ երկրորդ տուրերում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով նախ վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայի, ապա Բելգիայի հավաքականների նկատմամբ, իսկ երրորդ տուրում արդեն «չոր»՝ 4։0 հաշվով ջախջախեց Լեհաստան-3-ին: Չորրորդ տուրում երեկ հանդիպեցին երկու առաջատարները՝ Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականները, որոնք, ինչպես նաեւ Ուկրաինան, վաստակել են 6 միավոր:
Իսկ ահա տղամարդկանց հավաքականն առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Բուլղարիայի ընտրանու հետ, իսկ երկրորդ եւ երրորդ տուրերում միեւնույն՝ 2։1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի եւ Ավստրիայի հավաքականներին: Երեկ՝ երեկոյան, մեր հավաքականը (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան), որը հինգ միավորով բաժանում էր 3-7 տեղերը, մրցեց Ուկրաինայի թիմի հետ, որի ակտիվում 4 միավոր էր գրանցված:

ԵՐԿՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՕՐՈՒՄ
Վերջին պարտությունից հետո, շատերի կարծիքով, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մարզական կարիերան կարող է ավարտվել։ Մեր հայրենակիցը, ով ռեւանշ-մենամարտ անցկացրեց ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, նոկաուտի ենթարկվեց 9-րդ ռաունդում: Ընդ որում, մինչեւ մրցավարի կողմից նոկաուտի արձանագրումը Դարչինյանը երկու մրցավարների որոշմամբ հաղթում էր միավորների տարբերությամբ՝ 78:74 հաշվով, իսկ երրորդ մրցավարն այդ պահի դրությամբ արձանագրել էր ոչ-ոքի: Հիշեցնենք, որ 2007թ. Վիկը նույն մրցակցին դարձյալ պարտվել էր նոկաուտով՝ մենամարտի 5-րդ ռաունդում: Ի դեպ, մասնագետներից շատերն էին ասում, որ Դարչինյանն արդեն սպառել է իրեն, որ չափազանց աղքատ է նրա տեխնիկատակտիկական զինանոցը, եւ այս մենամարտում էլ դա իրեն զգացնել տվեց։ Ոմանք էլ վանաձորցու անհաջողությունները պայմանավորում են նրա՝ Մարզահամերգային համալիրում չեմպիոնական գոտին ՀՀԿ նախագահին նվիրելու քայլով, որից էլ սկսվեցին ձախորդությունները…
Իսկ բռնցքամարտի հայ սիրահարներն այդ օրը, ցավոք, մեկ այլ հայազգի բռնցքամարտիկի՝ ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող Վանես Մարտիրոսյանի պարտության ականատեսն էլ եղան։ Առաջին միջինքաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար Դեմետրիուս Անդրադեի հետ անցկացրած մենամարտում Վ. Մարտիրոսյանը պարտվեց միավորների տարբերությամբ: 12 ռաունդ տեւած մենամարտում Անդրադեն հաղթել է մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (117-110, 114-113, 112-115): Նշենք, որ այս պարտությունն առաջինն էր Վանեսի համար պրոֆեսիոնալ ռինգում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս