ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առեւտրի ծավալները 4.3 տոկոսով նվազել են: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

-Պարո՛ն Մակարյան, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում առեւտրի ծավալները 0.3 տոկոսով նվազել են: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
-ՀՀ կառավարությունը 112 հազար ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձը թեկուզ 1000 դրամով սուբսիդավորում է: Սա նշանակում է, որ առնվազն 400 հազար մարդ գտնվում է խորը աղքատության մեջ: Դրա համար էլ, բնականաբար, առեւտրի ծավալները պետք է նվազեն: Մյուս կողմից միգրացիայի տեմպերը չեն նվազել: Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում այս կես տարին շատ լարված անցավ, եւ դա չէր կարող առեւտրի կամ բիզնեսի վրա չազդել: Բացի այս՝ տուրիզմը սկսվեց լավ տեմպերով, բայց նվազեց: Այդ մասին քիչ են ասում, բայց ռուսական տուրիզմը շրջվեց դեպի Թուրքիայի կողմը, եվրոպականը ապրիլյան դեպքերից հետո կասեցվեց, դանդաղեց: Ներմուծման ծավալներն էլ նվազում են երկու պատճառով. նախ՝ ժողովրդի քանակն է պակասել, ապա՝ գնողունակությունն է ընկել, հետեւաբար այդքան ներմուծման կարիք այլեւս չկա: Երկրորդ՝ որոշ ներմուծողներ սկսել են այստեղ արտադրություններ հիմնել եւ որոշակի քանակ կարող են տեղում արտադրել: Այս բոլորը էականորեն ազդում են, բայց այս տարին տնտեսական առումով Հայաստանը հաջող կփակի:
-Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավտոմեքենաների առեւտրի ծավալները 9 տոկոսով ավելացել են:
-Ավտոմեքենաները, բնականաբար, Ռուսաստանից ներկրելը ձեռնտու է: Հայաստանը դոլարային գոտում է գտնվում: Այստեղ քաղաքացիների մեծ մասի ավանդները դոլարով պահվում են կա՛մ տներում, կա՛մ բանկերում: Ռուսաստանից դոլարով մեքենա գնելը շատ ձեռնտու է, որովհետեւ այսօրվա ինֆլյացիայի պայմաններում մեքենան շատ էժան գին ունի այնտեղ: Եւ քանի որ մաքսային միության շրջանակներում տեղափոխությունը ազատ է, առանց արգելքների է եւ ավելորդ ծախսեր չի պահանջում, հետեւաբար Ռուսաստանից ավտոմեքենա բերելը ձեռնտու է: Դեռեւս Հայաստանում շատ ընտանքիներ կան, որոնք ունեն հին արտադրության մեքենաներ, հիմա դրանցից հրաժարվում են եւ առիթից օգտվելով՝ Ռուսաստանից 2000, 3000-4000 դոլարով ներկրում են: Ի դեպ, կան նաեւ տաքսի ծառայություններ, որոնք նույնպես Ռուսաստանից են ներկրել ավտոմեքենաներ:
-Պարո՛ն Մակարյան, գյուղատնտեսական արտադրանքի առեւտրի ծավալները նույնպես նվազել են՝ 0.9 տոկոսով: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը:
-Հիմնականում եղանակը խանգարեց: Ապա եւ Վերին Լարսի անցակետի փակվելը: Բայց հիմնականում՝ եղանակը:
-Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ գնդի գրավումը ի՞նչ հետեւանք կթողնի Հայաստանի տնտեսության վրա: Այս պահի դրությամբ կա՞ն արդեն տեսանելի հետեւանքներ:
-Դեռ հստակ թվեր չկան, վաղ է դրա մասին խոսել: Բայց այն, որ մանրածախ առեւտրի եւ միկրոբիզնեսի վրա բացասական ազդեցություն կթողնի, դա հաստատ է: Վերջին դեպքերը ազդեցին նաեւ ընտանիքների կենսամակարդակի վրա, որովհետեւ շատ ընտանիքներ ծրագրել էին ամառվա ամիսներին վերանորոգում, գնումներ, ամուսնություն, կահավորում, բայց նման երեւույթները մարդկանց կամուկացի մեջ են գցում, հոռետեսություն են առաջացնում: Նույնիսկ մտքեր են առաջացնում, որ այս երկրում մնալը հեռանկարային չէ: Այսինքն՝ այս ամենի մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության մեջ կերեւա անպայման: Միկրոբիզնեսը զգայուն է, երբ ժողովուրդը զբաղված է նման բաներով, ակտիվ չէ, ապա բիզնեսը դրանից տուժելու է:
-Իսկ զբոսաշրջության ոլորտը ի՞նչ վնասներ կրեց:
-«Ահաբեկչություն» բառը մենք պետք է զգուշավոր օգտագործեինք, հատկապես եվրոպացիների համար: Չէ որ այդ բառի թարգմանությունը տեռորիզմ է նշանակում, իսկ տեռորիստը նրանց համար այն մարդն է, ով իր աչքի առաջ մորթել է, սպանել եւ այլն: Հիշենք Փարիզի, Բելգիայի, Գերմանիայի դեպքերը: Եվրոպացին այդ մաստշաբով անպայման իր գիտակցության մեջ կընկալի, եւ ինքը նման երկիր չի ցանկանա գնալ: Կամ էլ կընդհատի ու շուտ կվերադառնա իր երկիր: Նման խնդիրներ կարող են լինել: Սփյուռքահայերի Հայաստան գալու վրա այն առանձնապես չի ազդել: Եվրոպացի եւ ամերիկացի զբոսաշրջիկները այստեղ գումարներ են ծախսում, իսկ մեր սփյուռքահայերը կարող են գալ եւ իրենց ազգականների տանը մնալ: Բուն զբոսաշրջիկը, որը մնալով այստեղ՝ կարող էր մի քանի հարյուր կամ 1000 եվրո ծախսել, այդ կարգի զբոսաշրջիկները կպակասեն: Դա հաստատ է, եւ դա մենք կզգանք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԽՈՐՀՈՒՐԴ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻՆ
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը:
Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որեւէ պատրաստուկով: Բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել վաղ առավոտյան եւ երեկոյան ժամերին:
Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները եւ դրանց նորմաները: Ապահովել բույսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան եւ գիշերային ժամերին: Բանջարանոցներում, պտղատու եւ խաղողի այգիներում մշակության ու բերքահավաքի աշխատանքներն իրականացնել առավոտյան եւ երեկոյան ժամերին: Հավաքած բերքը պահպանել ստվերում: Օրվա ընթացքում աշխատանքներ կատարելիս արեւի ուղիղ ճառագայթների ազդեցությունը նվազեցնելու նպատակով օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս՝ հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

 

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՆԿՈՒՄ
2016 թվականի հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.3 տոկոս գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի՝ 20.9 տոկոս եւ մրգի 19.4 տոկոս գնանկումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 20.9-0.1 տոկոս գնանկում, իսկ 3-ում` 0.7-8.2 տոկոս գնաճ:
2016 թվականի հուլիսին, հունիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1 տոկոսով գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի եւ գործվածքի 3.9 տոկոս, կոշկեղենի 2.5 տոկոս, վառելիքի 2.2 տոկոս, անձնապիտո ապրանքների 1.3 տոկոս գնանկումով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2016 թվականի հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.5-0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում՝ 0.1 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.2 տոկոսով:




Լրահոս