ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստը շատ թեժ է անցել. կրկին վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի միջեւ:
Նշենք, որ այս հանձնաժողովն ունի 16 անդամ: Սակայն նրանցից հատուկենտ թվով մարդիկ են մասնակցում հանձնաժողովի նիստերին: Երեկ էլ հանձնաժողովի նիստին եղել է 16 անդամից ընդամենը 4-ը` ՀՀԿ-ականներ Կորյուն Նահապետյանը, Արթուր Ստեփանյանը, «Ժառանգություն»-ից Թեւան Պողոսյանը եւ ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը: Նիստի օրակարգում եղել է մինչեւ տարեվերջ 3 լսում անցկացնելու հարցը: Ի պատասխան՝ Գ. Ջհանգիրյանն ասել է, թե մինչեւ տարեվերջ մնացել է 1,5 ամիս, ուստի 3 լսումը շատ է, անիմաստ, կարելի է անցկացնել միայն մեկը բանակում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ջհանգիրյանը նաեւ ասել է, թե ինքն ընդգրկված է մեկ այլ հանձնաժողովում, որտեղ շատ ավելի կարեւոր հարցեր կան քննարկելու, ուստի ինքը չի հասցնի այդ բոլոր լսումներին մասնակցել: Ջհանգիրյանը հարցրել է Թ. Պողոսյանին, թե նա քանի հանձնաժողովում է ընդգրկված ու արդյոք հասցնում է մասնակցել բոլոր քննարկումներին: Պողոսյանը պատասխանել է, թե «ձեռք ենք տվել, պետք է խաղանք»: «Ով ձեռք է տվել, թող խաղա, ես գործ չունեմ»,-հակադարձել է Ջհանգիրյանը: Կ. Նահապետյանը, սակայն, հայտարարել է, թե ինքն է հանձնաժողովի նախագահն ու ինչպես որոշի, այդպես է լինելու: Նրա այդ պահվածքը զայրացրել է Ջհանգիրյանին, որն իրենից երիտասարդ պատգամավորին կոռեկտության կոչ է արել: Նաեւ ասել է, որ հենց այդ պահվածքի պատճառով է այդ հանձնաժողովի նիստերին մի քանի հոգի մասնակցում: Վեճն այնքան է թեժացել, որ վրդովված պատգամավորների ձայները լսվել են նաեւ ԱԺ նոր մասնաշենքի երրորդ հարկում: Անգամ նիստին ներկա կին փորձագետներն ու օգնականները հապշտապ հեռացել են դահլիճից: Ջհանգիրյանը նիստի կեսից դուրս է եկել դահլիճից, եւ Կ. Նահապետյանը քվորում ապահովելու համար ստիպված զանգահարել է ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանին ու խնդրել մասնակցել նիստին:
Ի դեպ, այս տարվա հունիսին, երբ Կ. Նահապետյանի եւ Գ. Ջհանգիրյանի միջեւ դարձյալ լուրջ վեճ էր ծագել, Ջհանգիրյանն այն ժամանակ էլ բավական խիստ խոսքերով անպատվել էր նրան ու հեռացել: Ասում են` Նահապետյանի հետ աշխատելը բավական բարդ է. նա փորձում է պաշտոնն օգտագործել` մյուսներին, ընդ որում իրենից ավագ եւ ճանապարհ անցած մարդկանց ենթարկեցնելու համար:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել Կ. Նահապետյանի հետ, քանի որ վերջինս ԱԺ-ում չէր եւ մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Իսկ Թ. Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, ընդամենը երկու իրավաբաններ իրավական ձեւով ճիշտ մոտեցման համար քննարկում են ունեցել:
ՀԱԿ ԵՎ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ