ՕԵԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ ԻՐ ՄԱՆԴԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը: ԱԺ նիստի ավարտից մի քանի րոպե անց Խ. Հարությունյանն արագ քայլերով հեռացավ խորհրդարանից: Այնուհետեւ ՕԵկ-ականները հայտարարեցին, թե Խ. Հարությունյանին այլ գործ է առաջարկվել, նա էլ որոշել է ընդունել: Տեղեկացանք, որ պատգամավորը նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: Սակայն երեկ՝ ողջ օրվա ընթացքում, տեղեկություններ էին շրջանառվում, որ Խ. Հարությունյանն այդքան էլ մեծ սիրով չի ընդունել այդ առաջարկությունը, բայց քանի որ վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ է ունեցել խմբակցությունում, ի վերջո որոշել է մանդատը վայր դնել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանից պարզել իր կուսակցի` մանդատից հրաժարվելու պատճառները:
-Պարո՛ն Երիցյան, որպես  ՕԵԿ փոխնախագահ՝ խնդրում եմ նշել, թե ինչու է Ձեր կուսակիցը որոշել հրաժարվել իր մանդատից: Տեղեկություններ կան, որ կուսակցությունում եւ խմբակցությունում առկա են լուրջ տարաձայնություններ:
-Չէ՛, բացարձակ տարաձայնություններ չկան: Պարոն Հարությունյանը նորմալ աշխատանքի է նշանակվել, ու հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել, որ նա իր մանդատը վայր դնի ու անցնի նոր աշխատանքի: Կնշանակվի, ու կտեսնեք, որ իրոք իրեն արժանի, վայել աշխատանք է: Պարոն Հարությունյանը շատ լավ մարդ է, շատ լավ կուսակցական է, լավ ընկեր է, ու, կարծում եմ, որ ինքը, այդ պաշտոնում նշանակվելով, կշարունակի իր գործունեությունն այնպես, ինչպես որ մինչեւ այսօր եղել է: Ուղղակի կարծում եմ, որ ցանկացած փոփոխության դեպքում էլ նման կարծիք պետք է ձեւավորվեր, թե, ասենք, ինչ-որ խնդիրների պատճառով է Խ. Հարությունյանը մանդատը վայր դրել:
-Ըստ Ձեզ՝ արժե՞ր հանուն այդ պաշտոնի մանդատը վայր դնել ու հրաժարվել օրենսդիր գործունեությունից:
-Դե գիտե՞ք, նախասիրությունների հետ է կապված, եթե մարդը որոշում է, որ ինքը պետք է գործադիրում իր գործունեությունը ծավալի, ու այնտեղ ինքն ավելի լավ է աշխատելու, ապա դա արդեն իր տեսակետն է, իր որոշումն է: Դա յուրաքանչյուրի անձնական որոշումն է, ու որեւէ մեկը չի կարող ասել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ:
-Բայց տեղեկություններ կան, որ Խ. Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու ցանկություն չի ունեցել, սակայն գնացել է դրան ղեկավարների ճնշումների արդյունքում:
-Չէ՛, նման բան չկա, մենք երեկվա էրեխեն չենք, որ մեզ ստիպեն: Կուսակցությունում նման հարց չի քննարկվել:
-Իսկ քննարկե՞լ եք, թե ով է փոխարինելու Խ. Հարությունյանին:
-Դեռեւս նման հարց չենք քննարկել: Կուսակցության ներսում քննարկումից հետո կասենք, թե ով է փոխարինելու նրան:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս