ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԳԵԼՎԵՑ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 14 համակարգչային խանութներին արգելեց չարտոնագրված համակարգչային ծրագրերի վաճառքը: Բանն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող «Մայքրոսոֆթ» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել դիմում, ըստ որի՝ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ավելի քան տասն ընկերություններ խախտել են իրենց հեղինակային իրավունքները՝ վաճառելով համակարգչային ծրագրերի չարտոնագրված տարբերակները: Օրինախախտ ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում: Համաձայն օրենսդրության՝ նման իրավախախտումների համար նախատեսված է նաեւ քրեական պատասխանատվություն, հետեւաբար հանձնաժողովը նյութերն ուղարկելու է ՀՀ ոստիկանություն: Այդ խանութներն են՝ «Այ թի մասթեր», «Նիքս քոմփյութերս», «Լեդ քոմփյութերս», «Էյ ջի էլեկտրոնիքս», «Օնլայն պլյուս», «Հարդ Փաուեր սիսթեմս», «Ֆուլոփսիս», «Այ թի պլազա», «Քոմփաս», «Լանզա», «Էս փի տեչ քոմփյութերս», «Սմարթ շոփ», «Ֆրի գեյթ», «Ստատուրա»:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս կիրակի ՀՀ Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի մի քանի համայնքներում տեղի են ունենալու գյուղապետի ընտրություններ: Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երեք անձ՝ ՀՀԿ-ական Գրիգոր Ասլանյանը, անկուսակցական Ֆրունզիկ Թովմասյանը եւ ՀԱԿ անդամ Գագիկ Ոսկանյանը: Նույն մարզի Ջրամբար համայնքում առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Գարիկ Գեւորգյանը եւ Նազելի Մկրտչյանը: Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում առաջադրվել է գործող համայնքապետ Մհեր Մարտոյանը: Նույն մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երկու անձ՝ Լեւիկ Գրիգորյանը եւ Դավիթ Մանուկյանը: Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար էլ առաջադրվել են երկուսը՝ Սամվել Անանյանն ու Կարեն Սարդարյանը: Տավուշի մարզի Աչաջուր համայնքում թեկնածուները երեքն են՝ Տաթեւ Գասպարյանը, Համո Գեւորգյանը եւ Կամո Ղալթախչյանը:

ԱՆԻՄԱՍՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի ունեցավ բաց դռների օր: ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց ավելի քան երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների եւ տաքսի ծառայությունների ներկայացուցիչների: Նրանց հիմնական մտահոգությունները կապված էին տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների հետ: Սակայն նախարարը պարզաբանեց, որ թվարկված խնդիրներից եւ ոչ մեկը որեւէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների եւ իրավասությունների հետ:




Լրահոս