Ո՞վ է Հայաստանի գլխավոր քոչվորը և խայտառակության պատասխանատուն. մեր մարզիկները մասնակցել են «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին». «Ժողովուրդ» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Ղրղզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին» մասնակցում է նաեւ Հայաստանի՝ վեց հոգանոց «պատվիրակությունը»: Ովքե՞ր են մեր երկրի քոչվորները, որ այդ միջոցառման ժամանակ բարձրացրել էին հայկական եռագույնը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարեցին, որ Հայաստանն այդ միջոցառմանը չի մասնակցում: ՀՀ օլիմպիական կոմիտեից եւս հավաստիացրին, որ այդ միջոցառման մասնակցության մասին իրենց ոչինչ հայտնի չէ: Բայց փաստն այն է, որ այդ միջոցառման բացման արարողությանը քոչվոր ազգերի շարքում հայտնվել է նաեւ «Armenia» գրությամբ սպորտսմենների ինչ-որ խումբ` հայկական եռագույնով: Միջոցառման մասին պատմող պաշտոնական եւ ոչ պաշտոնական ամբողջ լրահոսում նշվում է մեր երկրի համար խայտառակ մի ձեւակերպում, այն է` Հայաստանը մասնակցում է «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին»:

Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն: Հայաստանի նման մոնոէթնիկ երկրում, որտեղ բնակչության մոտ 99 տոկոս հայեր են, ո՞ւմ մտքով է անցել մեզ դասել քոչվորների շարքին: Ո՞վ պետք է պատասխան տա ազգային այս խայտառակության համար:

Կարծում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը չի մասնակցում «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղեր» անվանումը կրող միջոցառմանը եւ Ղրղզստանին այդ առնչությամբ պետք է նոտա ներկայացնեն` Հայաստանի անունը անհարկի շահարկելու համար: ՀՀ իրավապահներն էլ պետք է պարզեն, թե ովքեր են Հայաստանի անունից հանդես եկող ինքնակոչները եւ պատասխանատվության ենթարկեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հայկական «պատվիրակության» ներկայացումը՝ 1 րոպե 21 վայրկյանից:




Լրահոս