Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Մինասյանի ղեկավարած պատվիրակությունը Աթենքում մասնակցել է միջազգային հեղինակավոր կառույցի տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ են 14 եվրոպական երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, 6 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և աշխարհի 64 լավագույն համալսարանների ղեկավարներ:
Տնօրենների խորհրդի նիստին հաջորդել է «Իրավունքներ առանց սահմանների. Քաղաքացիություն և ներգաղթ Եվրոպայում» խորագրով գիտաժողովը, որի ընթացքում եվրոպական առաջատար համալսարանների դասախոսները ներկայացրել են Եվրոպայում ներգաղթյալների կարգավիճակի իրավական կարգավորումները: Գիտաժողովին նույնպես մասնակցել է հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր նաև «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է: 2011թ. Հայաստանի Հանրապետությունը դարձել է կազմակերպության լիիրավ անդամ և հաստատել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հիմնադրման մասին Աթենքում ստորագրված համաձայնագիրը: Միաժամանակ Հայաստանը տարածաշրջանում առաջին և միակ երկիրն է, որտեղ գործում է այս ազդեցիկ միջազգային կազմակերպության մասնաճյուղը, որի հյուրընկալող կառույցը «AM» իրավաբանական ընկերությունն է: