Ի՞նչ սպասել մշակույթի նորանշանակ նախարարից. արվեստագետների կարծիքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրամանագիր ստորագրեց Արմեն Ամիրյանին մշակույթի նախարար նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից:

Հիշեցնենք, որ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն այդ գերատեսչությունը ղեկավարում էր 2006-ից:

Այժմ, երբ նա լքեց իր պաշտոնը, անդրադառնալով ամենահիշարժան դրվագներին, արժի վերհիշել, թե իր երկարամյա գործունեության ժամանակ ինչով է աչքի ընկել արդեն նախկին նախարարը: Տիկին Պողոսյանն այս 10 տարիների ընթացքում հասցրեց հայտնվել մի շարք մութ պատմությունների կիզակետում: Մեր հիշողություններում դեռ թարմ են ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերած խախտումները մշակույթի նախարարությունում:

Առաջինի 2013թ. տնտեսած միջոցներից 2 մլն 51 հազար դրամ տարեվերջին պետական բյուջե վերադարձնելու փոխարեն նախարարությունը այն փոխանցել էր «Փայլ» իրավաբանական գրասենյակ Հայ-ռուսաստանյան համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին, որից 916 հազար դրամի ծառայությունը ՍՊԸ-ն չէր մատուցել եւ գումարը չէր վերադարձրել։

Ավելի ուշ` 2015-ին, մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Հասմիկ Պողոսյանը մասնակցել է պետական հուշարձանի յուրացման գործի: «Հետք»-ը գրեց, որ դեռեւս 2001-ին ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը ԱՕԿՍ-ի շենքը սեփականաշնորհել են:

Նախկին նախարարն այս տարիներին աչքի է ընկել նաեւ որոշ զավեշտալի նախաձեռնություններով: Դրանցից ամենացցունը, թերեւս, Տոգոյի Հանրապետության եւ Մադագասկարի Հանրապետության հետ ՀՀ-ի` միջմշակութային համաձայնագրերի նախագծեր առաջարկելն էր:
Այնուամենայնիվ, հիմա, երբ նախկին նախարարը մեկնեց վաստակած հանգստի, հարկ է անդրադառնալ նորանշանակ նախարարի կերպարին: Չենք կարող ժխտել, որ Արմեն Ամիրյանը ժողովրդի կողմից համակրանք վայելող անձ է, սակայն չենք կարող նաեւ հավաստիացնել, որ դա բավարար է` ոլորտի լավ կառավարիչ լինելու համար:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է արվեստագետների հետ: Նրանց կարծիքը ներկայացնում ենք ստորեւ:

Դերասան Հրանտ Թոխատյան– Աչքներս լույս, առաջինը Ձեզնից իմացա Արմեն Ամիրյանի` նախարարի պաշտոնում նշանակվելու մասին: Շատ ուրախ եմ այդ առթիվ, նա իմ ընկերն է, ողջունում եմ Արմենին, տա Աստված` նա լիքը փոփոխություններ անի ոլորտում:

hrant toxatyan

Դերասան Միքայել Պողոսյան-Արմեն Ամիրյանը ժամանակի ընթացքում ապացուցել է, որ որտեղ հայտնվում է` կարգուկանոն է հաստատում: Նա լավ ճաշակ ունի, կարծում եմ` կանի այն, ինչ մինչ այժմ չի արվել:

fyiyasqkrwnc3fzwgpmalgh7nz

Բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար (1991-96 թթ.) Հակոբ Մովսես – Արմեն Ամիրյանին տիեզերական հաջողություններ եմ մաղթում իր դժվարին գործի մեջ: Նա լավ, գրագետ, ինտելեգենտ մարդ է:

hakob-movses

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյան-Հասմիկ Պողոսյանին ազատելու որոշումը շատ ուշացած քայլ է: Այդ կինն այնպիսի բարբարոսությունների հեղինակ դարձավ, որոնց հետեւանքները դեռ երկար կհիշեցնեն իրենց մասին: Իսկ Արմեն Ամիրյանի ընտրությունը բոլորովին էլ հաջող չէ: Նա երբեւէ մշակույթի ոլորտի հետ ուղղակի առնչություններ չի ունեցել, ծանոթ չէ ներքին խոհանոցին, սպեցիֆիկ առանձնահատկություններին: Նա լավ մասնագետ էր իր ոլորտում, իսկ այստեղ ձախողման վտանգը շատ մեծ է, առավել եւս, որ մշակույթի ներկա վիճակը շտկելու համար ընդհանրական պատկերացումներ ու գաղափարներ ունենալը դեռ բավարար չէ, անհրաժեշտ են կտրուկ քայլեր, իսկ Ամիրյանի աշխատաոճը նման հեռանկար չի հուշում:

hovik

Բեմադրիչ Հակոբ Ղազանչյան-Արմենը մշակույթին շատ մոտ կանգնած մարդ է, օրինավոր անձնավորություն: Նա երկար տարիներ ղեկավարեց Հանրային ռադիոն եւ կառավարման փորձ ունի: Կարծում եմ` նրան նախարարի պաշտոնում նշանակելը ճիշտ որոշում է:
Մեզ մնում է միայն հուսալ, որ նորանշանակ նախարարը կփորձի լրացնել իր նախորդի բացթողումները եւ լուծում տալ մշակույթի ոլորտի մի շարք խնդիրների, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է: Թե որքանով դա նրան կհաջողվի, ցույց կտա ժամանակը:

hfxst2vmtupsbhuxhl6atxm36l

Աննա Բաբաջանյան




Լրահոս