Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ կառավարության երկրորդ նիստը ավելի աղմկոտ ստացվեց. գործադիրի ղեկավարը ազդարարեց կառավարության եւ մի շարք նախարարություններիկառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին:
Այս քայլն ինքնին նշանակում է, որ Կարեն Կարապետյանը մտադիր է պետական կառավարման ոլորտն ամբողջությամբ իր տիրապետման տակ վերցնել: Հասկանալի է, որ Հայաստանի պետական համակարգի կատարյալ կոռումպացվածության, ըստ այդմ նաեւ պետության տնտեսությունը կատարյալ աղետի հասցնելու պատճառը ո՛չ նախարարությունների անուններն են եւ ո՛չ էլ այն փաստը, թե այս կամ այն տեսչությունը կամ վարչությունը որ նախարարության ենթակայությամբ է գործում:
Օրինակ՝քաղաքաշինության ոլորտում առկա կոռուպցիան, որին մամուլը բազմիցս անդրադարձել է, ամենեւին էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ համապատասխան ոլորտը ղեկավարում էր քաղաքաշինության նախարարությունը: Իսկ քանի որ առաջիկայում այդ գերատեսչությունը կոմիտեի կարգավիճակ կստանա, ոլորտում կոռուպցիան կվերանա: Նույնը կարելի է ասել էկոնոմիկայի նախարարության վերաբերյալ: Այս գերատեսչության լիազորություններից մեկը Հայաստանում ազատ մրցակցությանը եւ ընկերությունների զարգացմանը խթանելն է: Սակայն մեր տնտեսությունը եղել եւ մնում է խիստ կենտրոնացված: Այժմ, երբ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է անվանափոխել «ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության», չի նշանակում, որ դրանից հետո Հայաստանի տնտեսությունը կդադարի կենտրոնացված լինել: Պարզապես այս նախարարության անվանափոխության շնորհիվ Կարեն Կարապետյանն իր համար ֆորմալ հիմք ստեղծեց այդ գերատեսչությունը վերակազմավորելու համար: Այս տեսանկյունից առաջին ծիծեռնակներն արդեն նկատելի են. վերանվանված նախարարության կառույցից արդեն իսկ դուրս բերվեց տուրիզմի վարչությունը, որը կդառնա առանձին կոմիտե, իսկ քաղավիացիան էլ տեղափոխվեց տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության: Ի դեպ, տրանսպորտի եւ կապի նախարարությունն էլ կանվանափոխվի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
Նկատենք, որ էկոնոմիկայի նախարարության լիազորությունները կրճատելով՝ Կարեն Կարապետյանն այդ պաշտոնը դարձնում է անհրապուրիչ` Դաշնակցությանը ստիպելով այդ պորտֆելից հրաժարվել եւ փոխարենն ուրիշը վերցնել: Օրինակ՝ երեկ արդեն լուրեր էին շրջանառվում, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար դաշնակցական Արծվիկ Մինասյանն իրերը հավաքում է ու պատրաստվում է տեղափոխվել բնապահպանության նախարարություն: Իսկ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն էլ կնշանակվի Արարատի մարզպետ՝ ամրապնդելով Գրիգորյանների ազդեցությունը այդ մարզում: Նախարարության վերակազմավորման անվան տակ այդ գերատեսչությունից կվերցվեն բոլոր այն գործառույթները, որոնք հնարավորություն են տալիս տնտեսության կառավարում իրականացնել: Այլ կերպ ասած՝ այն գործառույթները, որոնք առնչվում էին «էկոմոնիկա» բառի հետ, վերակազմավորված նախարարությունից կվերցնեն, եւ տակը կմնա միայն «աջակցությունը»:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կազմ տեղափոխելով էլ Կարեն Կարապետյանը փաստացի պատրաստվում է ցտեսություն ասել Արամ Հարությունյանին: Հիշեցնենք, որ հենց վերջինս է այդ կառույցն արդեն մեկուկես տարի գլխավորում: Երբ տեղի ունենա ջրային կոմիտեի վերակազմավորումը,նորանշանակ վարչապետը հնարավորություն կստանա այդ գերատեսչության ղեկավարին նշանակելու, եւ առավել հավանական է, որ Արամ Հարությունյանն այլեւս չի վերանշանակվի իր պաշտոնում:
Կառավարության երեկվա նիստում, սակայն, մասնակիցների համար ամենախայտառակ հայտարարությունը Կարեն Կարապետյանի հետեւյալ խոսքերն էին. «Պրիմիտիվ գողությունը վերացրե՛ք»: Այս խոսքերը փաստացի հասցեագրված էին բոլոր ներկաներին, բացառությամբ երկու նորանշանակ` գյուղատնտեսության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների` Իգնատ Առաքելյանի եւ Աշոտ Մանուկյանի, որոնք պետական կառավարման համակարգում նորեկներ են: Մնացած բոլոր մասնակիցները վաղուց պաշտոնավարում են պետական կառավարման համակարգում, եւ կարելի է կարծել, որ այդ «պրիմիտիվ գողերից» մեկն էլ նրանցից յուրաքանչյուրն է: Փաստ է, որ ներկաներից ոչ մեկն այդ խոսքերի դեմ չընդվզեց, չասաց, թե ինչ գողության մասին է խոսքը, ի վերջո, հանցագործությունների դեմ իրավապահները պետք է պայքարեն կամ, եթե վարչապետն ինչ-որ տվյալներ ունի, ապա պետք է ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին դրանք ներկայացնի եւ այսպես շարունակ:
Մի խոսքով, ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն արագ տեմպերով փորձում է պետական կառավարման ողջ համակարգն իր վերահսկողության տակ վերցնել. մի բան, որ այդպես էլ ի զորու չեղան անել նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի վարած կադրային քաղաքականության հակառակորդներն իշխող վերնախավում գնալով ավելանում են: Ուշագրավ է նաեւ այն, որ նա փաստացի խուսափում է ՀՀԿ-ականներին պաշտոններ վստահելուց: Բայց մյուս կողմից մեկ-երկու շաբաթից նա խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի նոր կառավարության ծրագիրը: Նման պայմաններում հարց է ծագում՝ ինչպես իրենց կպահեն ՀՀԿ-ականները: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանից պարզել, թե որքանով հնարավոր է, որ ՀՀԿ խմբակցությունը տապալի նոր կառավարության ծրագրի ընդունումը: Ի պատասխան՝ ասաց. «Բացարձակապես ոչ, դա անհնար է, քանի որ ամեն դեպքում կառավարության պատասխանատվությունը ՀՀԿ-ն է կրում, եւ ովքեր էլ նշանակվեն կառավարության կազմում, իրենք ներկայացնելու են մեծամասնությունը, այսինքն՝ ունենալու են մեծամասնության վստահության քվեն»: Նա նաեւ ավելացրեց, թե հաճախ այլ խմբակցություններ եւս իրենց վստահությունն են հայտնում Կառավարության ներկայացրած ծրագրին: Այլ կերպ ասած՝ եթե խորհրդարանում կառավարության ծրագիրը անցկացնելու համար ձայների պակասություն զգացվի, ՀՀԿ-ն «ժամանակավոր» ընդդիմադիրների խմբակցություններից օգնություն կխնդրի: «Բայց ծրագիրը կներկայացվի, կտեսնենք, թե որքան մեծ աջակցություն կունենա կառավարությունը»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:
ՎՍՏԱՀԵԼԻԻ ՎՍՏԱՀԵԼԻՆ
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիկնապահներից մեկը, որը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում նրա անվտանգությունն ապահովողների թվում չկար, կրկին վերադարձել էր կառավարություն: Ենթադրվում է, որ նա եւս ընդգրկվել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թիկնազորի կազմում: Այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանը նախընտրել է Տիգրան Սարգսյանի թիկնազորի անդամներից ոմանց վստահել իր անվտանգությունը, ինքնին ուշագրավ է: Կարելի է կարծել, որ այդ «ընտրությունը» պայմանավորված է նրանով, որ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԵՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում հաճախակի են շփվել: Կամ էլ ՊՊԾ ղեկավարությունն է այդպես որոշել:
ԴԵՍՊԱՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանում ՀՀ դեսպանի հարցով դիմել է Սերժ Սարգսյանին: Կարապետյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է անհապաղ փոխել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին: Արդեն հրապարակվել են լուրեր այն մասին, որ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնն առաջարկվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, սակայն նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ դիվանագիտությունն իրենը չէ:
ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
Նոր կառավարության կազմավորումը շարունակվում է: «Ժողովուրդն» արդեն հայտնել էր, որ Արմեն Մուրադյանը, ամենայն հավանականությամբ, չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում: Այդ պաշտոնի համար մինչ վերջերս բազմաթիվ անուններ էին շրջանառվում, սակայն մեր տեղեկություններով` Կարեն Կարապետյանի ընտրությունը կանգ է առել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանի վրա: ArmLur.am-ը փորձել է այս տեղեկությունը ճշտել հենց Ալթունյանից: Նա նշել է, որ դեռ նման առաջարկ չի ստացել: «Դեռ չեմ ստացել: Եկեք, թող առաջարկը գա, ես կորոշեմ: Ես էլ եմ լսել այդ լուրերը, բայց կոնկրետ քայլ դեռ չկա»,- ասել է նա:
ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ
Քաղաքաշինության նախարարությունը կոմիտեի վերակազմավորվելու երեկվա կառավարության որոշման կապակցությամբ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը Armlur.am-ին ասել է. «Նախարարությունը այլեւս դառնում է կոմիտե, անունը քննարկումների արդյունքում դեռեւս կհստակեցվի, բայց պետք է նշենք, որ կոմիտեն նախարարության իրավահաջորդն է լինելու»: Նա նաեւ նշել է, որ կառավորության նիստում Նարեկ Սարգսյանը, հուշարձանների թեմային անդրադառնալով, իր կարծիքն է հայտնել, որ դրանք չպետք է գործակալության կարգավիճակում լինեն անկախ նրանից, թե որ նախարարության կազմում կլինեն»: Հարցին, թե արդյոք դրական են վերաբերվում այս փոփոխություններին, Եսայանը պատասխանել է՝ այստեղ կարեւորը գործն է, որը պետք է արվի:
ՄԻՆՉԵՎ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ
Հայաստանը մինչեւ մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո երեկ լրագրողներին հայտնել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Փոփոխությունների գործընթացը շարունակական է, եւ մինչեւ մյուս շաբաթվա վերջ մենք կունենանք նոր կառավարություն»: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ ՀՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության պատասխանատուն է, իսկ գործադիրի գլխավոր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարումը:
ՆՈՒՅՆ ՆՎՆՎՈՑԸ
«Ադրբեջանի օկուպացված տարածքներում» Հայաստանի զորավարժությունները լուրջ սադրանք են՝ ուղղված բանակցային գործընթացի խոչընդոտմանը: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպման ընթացքում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխման հարցով բանակցություններին: Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է «ապակառուցողական քաղաքականությունը», որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ
Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի օրը, Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստը նախագահել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։ ՀՀ ԱԳ նախարարի նախագահությամբ կայացած նիստին ելույթներ են ունեցել մի շարք երկրների ղեկավարներ։ Երեկ Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպումներ է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի, Հոնդուրասի, Իսլանդիայի եւ Սինգապուրի ԱԳ նախարարների հետ: