Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանի մի շարք քաղաքներում և համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ստացված արդյունքների և ԱԺ-ում սպասվելիք ընտրությունների շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտա Եսայանի հետ:
-Տիկի՛ն Եսայան, ինչպե՞ս եք գնահատում ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
-Առաջին անգամ Հայաստանի հանրապետությունում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ նոր սահմանադրության շրջանակում: Այսինքն՝ հասարակությունը և ժողովուրդը ՏԻՄ ընտրեց համամասնական ցուցակներով: Սա փորձություն է խորհրդարանական ընտրությունների համար:
-Ըստ Ձեզ ի՞նչ է սպասվում ԱԺ ընտրություններում:
-Ես ուրախ եմ, որ հանրապետության երկու խոշոր քաղաքներում և՛ Գյումրիում, և՛ Վանաձորում մեր հասարակությունը պատրաստ էր ընտրություններին և այդ փորձությունը հաջողությամբ անցավ: Սա իրականում մրցակցային ընտրություն էր, որովհետև բազմաթիվ քաղաքական ուժեր իրենց ուժերը փորձեցին այս ընտրություններում: Եվ սա նշանակում է, որ մենք ակտիվ խորհրդարանական ընտրություններ ենք ունենալու և քաղաքական ուժերը պատրաստ են այդ մրցակցությանը: Չնայած, որ մի քանի մանր-մունր դեպքեր գրանցվեցին ընտրակաշառքի հետ կապված:
Լիդա Եղիազարյան