Ո՞վ է Թալիշում ծեր զույգի սպանողն ու մարմինը խոշտանգողը. ավստրիական «Profil» ամսագիրն քառօրյա պատերազմի մասին հոդված է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիական «Profil» ամսագիրն Արցախի, քառօրյա պատերազմի և Թալիշ գյուղի մասին հոդված է հրապարակել։ «Արմենպրես»­ը ներկայացնում է հոդվածի հակիրճ թարգմանությունը, որը տրամադրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։ «Հակամարտության կողմերից Հայաստանը հազարավոր տարիների պատմություն ունեցող երկիր է, որի ժողովուրդը օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետևանքով գրեթե վերանալու էր աշխարհի երեսից: Երկիր, որ շրջափակված է երկու թշնամի հարևաններով, չունի արժեքավոր հանածոներ և ելք դեպի ծով: Երկիր, որտեղ ժողովրդավարությունն անթերի չէ, բայց որը ձգտում է եվրոպական արժեքներին: Հակամարտության մյուս կողմը` Ադրբեջանը, ունի ընդամենը 100 տարվա պատմություն, և այդ 100 տարվա շուրջ քառորդ մասը նույն ընտանեկան կլանի իշխանության տարիներն են: Ինչպես Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունները, Ադրբեջանը ևս վարկաբեկված է մարդու իրավունքների ոտնահարումների, ընդդիմադիրների և լրագրողների դեմ գործվող բռնությունների պատճառով: Ապրիլյան դեպքերը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի կողմից որակվում են որպես Ադրբեջանի «Blitzkrieg»­ի փորձ:

Ադրբեջանը պնդում է բացառապես հայկական սադրանքներին պատասխանելու վրա: Բաքուն նույնիսկ ժխտում է ադրբեջանական զինված ուժերի մուտքը Թալիշ. «Եթե մենք մտնեինք գյուղ, այն չէինք հանձնի»,­նշել է արտգործնախարարությունը: Այդ դեպքում հարց է ծագում. ո՞վ է Թալիշում ծեր զույգի սպանողն ու մարմինը խոշտանգողը: Քառօրյա պատերազմից երկու կողմերի կրած վնասները հավասարակշռության մեջ են. շուրջ 100-­ական զոհ երկու կողմերի զինված ուժերում, ավերված տներ, ենթակառույցներ և տարածքային ոչ արժեքավոր նվաճումներ: Եթե Ադրբեջանի պետական օժանդակության արդյունքում մի շարք վնասներ հաղթահարվել են, Թալիշը մնում է ավերակների մեջ: Դեռ 2006 թվականին «Շպիգելը» գրում էր, որ Թալիշը հնուց եղել է հայերի «արծվաբույնն ու դիտակետը», որի մասին աղբյուրները հիշատակում են սկսած 461 թվականից: Սակայն թվում է, թե այդ 1555­ամյա պատմությունն իր ավարտին է մոտեցել: Միջնադարում հայկական թագավորության մաս էր կազմում «Արցախ» անունով իշխանությունը: Մինչ օրս «Արցախ» անվանումը օգտագործվում է որպես համարժեք «Լեռնային Ղարաբաղ» անվանմանը: Ադրբեջանը ցանկանում է իր պատմական արմատները 17­րդ դարում ձևավորված Ղարաբաղի խանությունում տեսնել: Չպետք է նաև մոռանալ, թե ինչքան ամուր է օսմանյան թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը, և որ ազերիները սերտորեն կապված են օսմանյան թուրքերի հետ: Չպետք է մոռանալ նաև, որ 1918­ -1920թթ., օսմանյան թուրքերի հետ համատեղ, ազերիները պատերազմում էին հայերի դեմ նաև Լեռնային Ղարաբաղի համար: Այսօր էլ Ադրբեջանը սերտորեն կապված է Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի հետ: Պետք է նաև հիշել, որ խորհրդային ժամանակներում Ստալինը հայերի կամքին հակառակ Լեռնային Ղարաբաղը միացրեց Խորհրդային Ադրբեջանին: Ղարաբաղի բնակչության 70­80 տոկոսը կազմող հայերի սիրաշահելու նպատակով Լեռնային Ղարաբաղին տրվեց ինքնավար մարզի կարգավիճակ, ինչը, սակայն, ոչ միայն չմեղմեց հայերի ու ադրբեջանցիների թշնամանքը, այլև ավելի խորացրեց:

Խորհրդային Միության հոգեվարքի տարիներին Ադրբեջանում իրականացվեցին հայերի զանգվածային կոտորածներ: Հարյուր հազարավոր հայեր ստիպված էին լքել իրենց տները: Խորհրդային Միության փլուզումից հետո հայերը վրեժխնդիր եղան` քշելով հարյուր հազարավոր ադրբեջանցիների և ազատագրելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև մի մեծ բուֆերային գոտի, որը, ըստ տարբեր տվյալների, կազմում է հարևան երկրի 8­20 տոկոսը: Ադրբեջանի գործողությունների արդյունքում Նախիջևանն ամբողջապես հայաթափվեց: 750.000 ադրբեջանցիների և 300.000 հայերի փախստական դառնալը երկու կողմերում հանգեցրեց էթնիկ զտման իրավիճակի: 20 տարի է` բանակցություններն արդյունք չեն գրանցել: Ադրբեջանը, վկայակոչելով ՄԱԿ­ի բանաձևերը, պահանջում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների վերադարձ: Մինչդեռ Արցախը պատրաստ է խոսել բանակցությունների սեղանին ճանաչված կողմ դառնալուց հետո միայն:

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մոտ ապագայում հարցի խաղաղ կարգավորում չի տեսնում: Ադրբեջանից նշում են. «Մենք Հայաստանից միշտ նույն խոսքն ենք լսում, ինչը լավատեսական ոչինչ չի նշանակում»: Այդ իսկ պատճառով շփման գծի այս և այն կողմերում վարժեցվում են, փորում և ամրացնում: Եվ զինվում»:




Լրահոս