Հոկտեմբերի 8-ին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ռադիոմաշտի շրջակայքում գտնվող օբյեկտներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը: Վերջինս պատմել է, որ «Ալյանս» կուսակցության անդամ իր ծանոթներից մեկը իրեն առաջարկել է «գնալ` խմելու»: Սակայն հետագայում «խմելու վայրում» Խաչատրյանին է մոտեցել մոտ 15 հոգի:
Արտյոմ Խաչատրյանը հրաժարվել է նշել «Ալյանսի» անդամի անունը, սակայն պատմել է, թե իրեն մոտեցած մարդիկ նույն կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի տղաներն են եղել, որոնց հետ է եղել նաեւ հենց Ուրիխանյանը: Պատգամավորը, Խաչատրյանի ներկայացրածի համաձայն, պահանջել է ջնջել shame.am կայքից իր մասին գրված նյութերը` փոխարենը խոստանալով հետ վերցնել դատական հայցերը, որոնք ներկայումս լսվում են Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն Արտյոմ Խաչատրյանը չի համաձայնվել, ինչից հետո էլ իրեն ծեծի են ենթարկել:
«Ուրիխանյանը Դոն Կոռլեոնեն է, անձամբ չի խփել: Նա հետեւում էր: Ասեց` դու ես մեզ խփել, մենք պաշտպանվել ենք: Ո՞ւմ կհավատան. դու մենակ ես, մենք 15 հոգով»,- մասնավորապես, պատմել է Արտյոմ Խաչատրյանը, ապա հավելել, թե ծեծի հետեւանքով ինքը կորցրել է գիտակցությունը, հետո արթնացել «Տոսկանա» կոչվող օբյեկտում, որտեղ մնացել է երկու օր: Ուշքի է եկել հոկտեմբերի 8-ին եւ ընկերների օգնությամբ գնացել իր բնակարան:
ՀՀ գլխավոր դատախազության` երեկ հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Արամյանց» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի համաձայն՝ Արտյոմ Խաչատրյանի` քթոսկրի կոտրվածք ստանալու պատճառնելի վերաբերյալ հայտարարության, ապա նաեւ իրավապահներին տված բացատրության առնչությամբ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` Ա.Խաչատրյանի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը եւ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Եվ մինչ իրավապահները Ա. Խաչատրյանի հայտարարության հիման վրա նյութեր են նախապատրաստում, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախ անձամբ, ապա` իր գրասենյակի տարածած հաղորդագրությամբ կտրականապես հերքում է Խաչատրյանի հայտարարությունները. «Եթե խոսքը այն մարդու մասին է, ում կայքի մասին ես բարձրաձայնել եմ ԱԺ ամբիոնից, ապա պարզ է, չէ՞, թե ինչու նա պետք է զրպարտի ինձ: Սա այն մարդն է, որն ընտանիքիս, իմ հասցեին սեռական հայհոյանքներ է գրում իր կայքում»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը:
Իսկ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, թե. «Այդ անձը shame.am կայքի սեփականատերն է, որին պետությունը տվել է 21.000.000 դրամ գյուղատնտեսական վարկ, մինչդեռ նա զբաղվում է լրագրությամբ: Հենց այդ 21.000.000-ոց գործի առթիվ է Տ. Ուրիխանյանը պատգամավորական հետաքննություն իրականացրել, արել մի շարք բացահայտումներ եւ ուղարկել իրավապահ մարմիններին, իսկ ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ նաեւ հարց ուղղել ՀՀ կառավարությանը: Պաշտոնապես ակնկալում ենք իրավապահ մարմիններից օրերս արված «բռնության» մասին հայտարարության առթիվ սուտ մատնության հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդված) նրան պատասխանատվության ենթարկելու գործողություն»:
Եվ այսպես, ինչ է իրականում տեղի ունեցել, ով է «Ալյանս»-ի առեղծվածային անդամը, ով Խաչատրյանին «խմելու» է հրավիրել, եւ ինչ է հայտնի դարձել իրավապահներին:
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած հավաստի տեղեկությունների` կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իրավապահներին տված ցուցմունքներում ասել է այն ամենը, ինչ պատմել է նաեւ լրատվամիջոցներին: Իրավապահների մոտ հարց է առաջացել` եթե դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, ապա ինչո՞ւ է Ա. Խաչատրյանը դրա մասին խոսել միայն երեք օր անց: Հարցին ի պատասխան` shame.am կայքի խմբագիրն ասել է, թե ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Թերեւս չենք կարող բացառել նաեւ այն հանգամանքը, որ Խաչատրյանին ինչ-որ մեկը «հուշել է», որ կարող է խոսել, անուններ հնչեցնել: Նման եզրահանգման կարելի է գալ նաեւ այն պատճառով, որ ծեծի ենթարկվածը միայն լրատվամիջոցներով է փորձել բարձրաձայնել իր գլխին եկածի մասին, իսկ իրավապահներին ահազանգ ստացվել է «Արամյանց» բժշկական կենտրոնից, Խաչատրյանն անձամբ չի դիմել:
Իրավապահներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ իր` ուշացումով խոսելը Խաչատրյանը պարզաբանել է այսպես` ինքնազգացողությունս վատ է եղել, հաղորդում տալու ի վիճակի չեմ եղել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ այն առեղծվածային մարդու անունը, ով Արտյոմ Խաչատրյանին առաջարկել է «գնալ` խմելու»: Մեր հավաստի տեղեկություններով` նշված անձը Կարեն Հակոբյանն է, ով, դեռ ճշտվող տեղեկություններով՝ «Ալյանս» կուսակցության Գյումրու ավագանու ընտրացուցակի 2-րդ համարում ընդգրկված անդամն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջինս չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, թեեւ բաժին ներկայանալու ծանուցում ստացել է: Թե ինչու, թերեւս կարելի է կանխատեսել:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել նաեւ, որ Տիգրան Ուրիխանյանը երեկվա դրությամբ դեռեւս չի հրավիրվել` հարցաքննության: Իսկ այն տասնհինգ երիտասարդների ինքնությունները, որոնք Ա. Խաչատրյանի պատմածի համաձայն` եղել են իրեն ծեծողները, իրավապահները դեռ պարզում են: Չճշտված տեղեկությունների համաձայն, դեպքի վայր հանդիսացած օբյեկտի աշխատակիցներից մի քանիսն արդեն հարցաքննվել են:
Մնում է սպասել քննությամբ ձեռք բերվող այլ մանրամասների հրապարակմանը` հասնականալու համար` ի վերջո ինչ է տեղի ունեցել, եւ ով է իրականում դաժան ծեծի ենթարկել Արտյոմ Խաչատրյանին կամ արդյոք նա ծեծի է ենթարկվել ընդհանրապես:
Տաթեւ Հարությունյան