«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության»: ArmLur.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, այս մասին նշեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»,- եզրափակեց նա:
Հավելենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Ռուսաստանն առաջարկում է «Հայաստանի զինված ուժերի դուրս բերում Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից»: