ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքների խաղողագործներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի մի շարք համայնքների մի խումբ խաղողագործների: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը, որի ղեկավարած ընկերությունն ունի դեռևս 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ:

Նախարարի հետ հանդիպմանը գյուղացիները նշել են, որ «Վինար» ընկերությունն պարտք է Արարատի մարզի մի շարք համայնքների գյուղացիների, ամենաշատ պարտքերը բաժին են ընկնում Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքներին: Հանդիպման ընթացքում նախարարը խնդրի շուտափույթ լուծման նպատակով առաջարկել է ընկերության տնօրենին վաճառել պահեստավորված սպիրտը և վճարել գյուղացիների պարտքերը, ինչին Ավետիք Գալստյանը դրական է արձագանքել:

«Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առանջնահերթ»,- իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղացիները նշել են, որ ունեն վարկային պարտավորություններ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» -ում, գումարները չստանալու պաճառով չեն կարողանալու կատարել առաջիկա ամսվա վճարումները և խնդրել են այդ հարցում նույնպես աջակցել:

Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ և խնդրել է քննարկել մինչև վերոնշյալ գործարքի կնքումը գյուղացիների վարկերի հետաձգման հնարավորությունը:

Հանձնարարվել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ, որպեսզի «Վինար» ընկերությունը սեղմ ժամկետներում վճարի գյուղացիների պարտքերը:

Նախարարը նաև նշել է, որ այդ գործընթացի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտարամադրվի համայնքապետերին ` գյուղացիներին իրազեկելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս