Ինչ սպասել ՀԱՊԿ-ի վաղվա նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Երևանում իր աշխատանքներն է սկսելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը: Արդեն պաշտոնապես հայտնի է, որ այդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանելու ՀԱՊԿ անդամ մի քանի պետությունների ղեկավարներ, բացառությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ով արդեն իսկ հայտարարել է, որ մրսածության պատճառով բաց կթողնի նիստը:

Երևանյան գագաթնաժողովը հետաքրքիր է մի քանի պահերով և այդ իմաստով ինտրիգներ է պարունակում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը, որը պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ: Բացի այդ, սպասվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կխոսվի նաև Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Ինչպես հայտնի է` վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար բազմաթիվ թեկնածուների անուններ էին շրջանառվել: Ամենահավանական թեկնածուն շարունակում է մնալ Յուրի Խաչատուրովը, ով այժմ զբաղեցնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Նրանից զատ շրջանառվում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, սակայն ամեն ինչի մասին պարզ կդառնա միայն վաղը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ  ՀԱՊԿ անդամ երկրները վաղվա նիստում հայտարարագիր կընդունեն` միջազգային անվտանգության վրա հակահրթիռային պաշտպանության համակարգերի միակողմանի տեղակայման ազդեցության հարցով,  ինչպես նաև առանձին հայտարարագիր` ղարաբաղյան հակամարտության հարցով:

«Կընդունվի առանձին հայտարարագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, հայտարարագիր հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի տեղակայման շուրջ միակողմանի գործողությունների` միջազգային անվտանգության և կայունության վրա ազդեցության հարցով», – լրագրողներին ասել է Ուշակովը: Այս առումով ևս հետաքրքիր զարգացումներ կարելի է սպասել:




Լրահոս