«ԴԱ ԻՆՁ ՎԱՏ ԲԵՄԱԴՐՎԱԾ ԿԼՈՈՒՆԱԴԱ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը արդի հայ թատրոնի խնդիրների, համակարգային փոփոխությունների անհրաժեշտության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է դերասան, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի հետ:

-Գրիգո՛ր, ի՞նչ նոր բեմադրությունների վրա եք աշխատում, մի փոքր կպատմեք:
-Օրեր առաջ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ներկայացման պրեմիերա` Ֆեոդոր Դոստոեւսկու «Անկոչ Աննան» դրամայի հիման վրա. բեմադրիչն ու թարգմանիչը ես եմ: Առաջիկայում պատրաստվում եմ մեկնել Նյու Յորք, որտեղ կցուցադրվի իմ բեմադրած ներկայացումը` նվիրված Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակին: Մի քանի օրից էլ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի կունենա իմ բեմադրած մեկ այլ ներկայացման պրեմիերա, այն կոչվում է «Երկու հայ, որ փրկվել են»: Դրամայի հեղինակը Ռիչարդ Կալինոսկին է:
-Որպես երիտասարդ ռեժիսոր` ի՞նչ աշխատաոճ եք որդեգրել, ասպարեզում ի՞նչ խնդիրներ կան, որոնք ենթակա են հրատապ լուծման:
-Կարծում եմ` մենք շատ ավելի լուրջ մասնագիտություն ենք ընտրել, քան, օրինակ, մարդաբաններն ու հոգեբանները: Ինքս փորձում եմ ամեն ինչ անել, որ դաշտում տգիտություն չտիրի, այս անթույլատրելի վիճակը չլինի: Հայ թատրոնում հրաշալի երիտասարդ ուժեր ունենք, պարզապես այդ կադրերը համապատասխան պետական վերաբերմունքի կարիք ունեն: Նրանց համար պետք է ստեղծվեն աշխատատեղեր, իսկ աշխատավարձերը բարձրացվեն: Մտահոգիչ է, որ նրանք քիչ վարձատրվելու պատճառով անորակ նախագծերում են դրսեւորվում եւ, բնականաբար, որակազրկվում են: Այդ կադրերի համար նախ պետք է պայմաններ ստեղծել, հետո նոր ինչ-որ բան պահանջել: Մենք թատրոնի, գրականության կամ կինոյի առանձին խնդիրներ չունենք. այն, ինչ ունենք, կապված է երկրի ընդհանուր խնդիրների հետ: Մի երկիր, որը ունի վատ տնտեսություն, չի կարող ունենալ հանճարեղ արվեստ: Սկզբում կառուցվում է պետությունը եւ հետո` դրա մաս կազմող գերատեսչությունները: Ես հույս կունենամ, որ մեր երկրում ինչ-որ բան կփոխվի այն ժամանակ, երբ տարբեր բնագավառների պաշտոնյաների աշխատանքից ազատելուց հետո նրանց դեմ նաեւ դատական հայցեր կներկայացվեն, եւ վերջիններս կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
-Նոր կառավարության հետ ի՞նչ հույսեր եք կապում:
-Ոչ մի հույս, առայժմ, չեմ կապում: Այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, ինձ շատ վատ բեմադրված կլոունադա է հիշեցնում: Որեւէ կոնկրետ իրավիճակ հասկանալու համար հարկավոր է վերլուծել այն, իսկ մենք սկսել ենք դժվարությամբ վերլուծել խնդիրները: Հենց այդ պատճառով էլ հանրության որոշ զանգվածների շրջանում նոր կառավարության ձեւավորման կապակցությամբ խանդավառություն է տիրում: Բայց դրան շուտով կհաջորդի մեկ այլ հոգեվիճակ, որի մասին բոլորս տեղյակ ենք:
-Իսկ մշակույթի նոր նախարարի մասին ի՞նչ կասեք:
-Այնպես չէ, որ կոնկրետ մշակույթի նախարարությունից ինչ-որ բան է կախված: Մշակույթի նախարարն էլ համակարգի աշխատող է, այդ համակարգի մի մասն է:
-Վերադառնանք թատրոնի խնդիրներին: Ոլորտի մասնագետները բազմիցս բարձրաձայնում են, որ հայ թատրոնը այսօր դարձել է «տնօրինական» թատրոն, այսինքն` բեմադրիչի, ռեժիսորի դերը կարեւոր որոշումներ կայացնելու հարցում նվազեցվել է: Դուք ի՞նչ կասեք:
-Դա եւս մեր հանցավոր կարգերի անգրագետ աշխատանքի արդյունքն է: Թատրոնները ի՞նչ անեն, ո՞նց պաշտոնյային բացատրեն, որ թատրոնում ստեղծագործական աշխատանքներ են տարվում, եթե վերջինիս համար թատրոնը պարզապես մի հիմնարկություն է:
-Գուցե խնդիրը լուծվի այն դեպքում, երբ «վերեւներից» թատրոնի տնօրեն չնշանակեն եւ այդ տնօրենի հետ կապված ընդհանուր շահեր չունենան:
-Իհարկե, դա մի ամբողջ շղթա է:
-Իսկ ո՞րն է ելքը:
-Ես հիմա չեմ ասի, որ եթե ամեն մեկս մեր գործով զբաղվենք, խնդիրները կլուծվեն: Նման սենտիմենտալ խոսակցությունների կողմնակիցը չեմ: Ինչպես նշեցի, մենք միայն մի գերատեսչության ներկայացուցիչ ենք, ուստի մեր աշխատանքն էլ վերեւներից պետք է ճիշտ կազմակերպվի: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք անել, իսկ եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն, կանենք ավելին:

 

 

 
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՆԱԻՐԱ ԳՈՒՐՋԻՆՅԱՆԸ

«Հայ սուպեր-սթար-1», «Հայ սուպեր-սթար-2», «Հայ սուպեր-սթար-4», «Իքս Ֆակտոր» նախագծերի ժյուրիի անդամ եւ երաժշտական պրոդյուսեր Նաիրա Գուրջինյանը տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում: Վերջերս էլ մեկնարկեց «Իքս Ֆակտոր 4»-ը, սակայն նա կրկին ներառված չէ ժյուրիի կազմում: «Ժողովուրդ»-ը երգահանից հետաքրքրվեց` ինչն է պատճառը, որ իրեն նմանատիպ նախագծերում այլեւս չենք տեսնում:

«Ճիշտն ասած` ժամանակս չի ներում, ես ուղղակի չեմ հասցնում: Եղել են դեպքեր, որ ստացել եմ հրավերներ, բայց նշածս պատճառով մերժել եմ, իսկ վերջին երկու տարվա ընթացքում առաջարկներ չեմ էլ ստացել: Երաժշտական նախագծերն ինձնից շատ ժամանակ են խլում, արդյունքում իմ 120 սաները մնում են «անտեր»: Բացի այդ` գուցե այդ ամենից հոգնել եմ: Ես սիրում եմ, որ իմ կյանքում միշտ փոփոխություններ լինեն»,-մեկնաբանեց նա:
Ն. Գուրջինյանը տեղեկացրեց, որ հիմա սաների հետ իրականացնում է հետաքրքիր նախագծեր, այդ թվում` համերգային ծրագրեր:
Նշենք, որ երգահանը հիմնադրել է երաժշտական մի քանի խումբ, այդ թվում` «Jazzel», «Only Girls», «Վաղորդյան կաթիլներ», «Կամերտոն» եւ այլն։ Վերջերս էլ «Only Girls» աղջիկների խումբը Բաթումում մասնակցել է «Wonderland» երգի միջազգային մրցույթ-փառատոնին եւ ստացել «Գրան պրի» մրցանակը:
«Հիմա էլ պատրաստվում ենք մասնակցել Ֆինլանդիայում կայանալիք մեկ այլ միջազգային մրցույթի»,-հայտնեց տիկին Գուրջինյանը:
Նա նաեւ հավելեց, որ «Only Girls» խմբի հետ պատրաստում են համերգային ծրագիր, որի շրջանակում կհնչեն «Բիթլզի» երգերը: «Սկզբում կներկայանանք ակումբային համերգով, հետո, եթե հաջողվի, հանդես կգանք մեծ դահլիճում»,-ասաց նա:
Մենք հարցրինք` արդյոք տիկին Գուրջինյանը կապը պահում է երաժշտական նախագծերի մասնակիցների հետ. «Իհարկե, բոլորի հետ էլ մտերիմ եմ: Օրինակ` Արթուր Ալեքի հետ նույնիսկ համագործակցել ենք, ստեղծել ենք մի քանի երգ, որոնց երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերինը` ինքը: Նրանք բոլորն էլ գիտեն իմ տեղը եւ երբ ունենում են իմ կարիքը, անպայման հանդիպում ենք»,-եզրափակեց երգահանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՄԵՐԳ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Seven Eight Band»-ը հոկտեմբերի 20-ին ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջեւ: Bravo.am-ի փոխանցմամբ` էթնո-ջազ խմբի մենահամերգը տեղի կունենա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երաժիշտները ներկաներին կփոխանցեն Արեւելքի շունչը: Նշենք, որ բենդի հնչեցրած ստեղծագործությունների հիմքում 7/8 երաժշտական ռիթմն է: Երեկոյին կներկայացվեն ինչպես դասական եւ ժողովրդական գործեր, այնպես էլ հեղինակային նոր ստեղծագործություններ` ինքնատիպ գործիքավորմամբ: Ի դեպ, «Յոթ/Ութ» խմբի պրոդյուսերն է ՈՒՀԱ «ԵրՄի» թիմից հայտնի Արսեն Դանիելյանը:




Լրահոս