Հարազատները տեսակցել են Անդրիաս Ղուկասյանին. դատական նիստերն անընդհատ հետաձգվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ տեսակցությունների արգելանքը մասնակի հանվել է:

ArmLur.am-ի հետ զրույցում Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը նշեց, որ իրենց հաջողվել է տեսակցել նրան. «Երեք ամիս անց մեզ հաջողվեց տեսնել նրան, շատ հուզումնալից պահ էր, ինձ, դստերը և մորը թույլ են տալիս տեսակցել նրան»:

Փաստաբան Կարեն Մեժլումյանի համար անհասկանալի է, թե ինչու են մասնակի բավարարել տեսակցությունների արգելանքը հեռացնելու մասին որոշումը. «Ընդհանրապես Անդրիաս Ղուկասյանը չպետք է լիներ անգամ մեղադրյալի կարգավիճակում, քանի որ նա նման արարք չի գործել»:

Նշենք, որ փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան` կալանքը գրավով փոխարինելու հարցով, սակայն դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով. «Խախտվել են Անդրիաս Ղուկասյանի իրավունքները, կոնվեցիայի 5-րդ և Սահմանադրության 25-րդ հոդվածները: Սեպտեմբերի 29-ին մենք դիմել ենք կալանքը գրավով փոփոխելու հարցով և պետք է սեղմ ժամկետում հրապարակվեր որոշումը, սակայն մինչ օրս ձգվում է,-նշում է փաստաբանը»:

Փաստաբանի խոսքով նախորդ անգամ նիստը հետաձգվել էր՝ օրվա ավարտով պայմանավորված, այսօրվա նիստը հետաձգվել է, քանի որ դատավորն այլ գործով խորհրդակցության է եղել, իսկ հաջորդ օրը դեռևս հայտնի չէ:

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակին և՛ կինը, և փաստաբանը նշեցին, որ վիճակը բավարար է, ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն. «Հացադուլից հետո մոտ 20 կգ քաշ է կորցրել, բայց հիմա վիճակը բավարար է»,-նշեց Թարխանյանը:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս